‘Երկինքն ամբողջությամբ տվեցին Հարությունյաններին. Air Armenia ‘

2237

Այս տարվա մարտին մենք հրապարակել էինք մի հետաքննական հոդված՝ Դավիթ Հարությունյանի 30 արծաթները կամ Три брата акробата  վերտառությամբ: Հոդվածը պատմում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ նրա եղբայրների բիզնեսների մասին: Հետաքննական այդ հոդվածում մի ուշագրավ պահ կա, որն այսօր նորից առավել քան արդիական է: Խոսքը վերաբերում է Air Armenia ընկերությանը, որը օրերս նաեւ ուղեւորափոխադրումներ է սկսել իրականացնել՝ Armavia ընկերության փոխարեն:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում՝ Air Armenia-ում Հարությունյանների ունեցած բիզնես շահերի մասին պատմող հատվածը:

***

Air Armenia 

Բիզնես աշխարհում Հարությունյան ընտանիքի անունը առաջին անգամ հնչեցվեց՝ կապված ավիացիայի հետ, այն ժամանակ, երբ շահույթով աշխատող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը միտումնավոր հասցվեց սնակնության և քանդվեց, իսկ դրա տեխնիկական բազայի հիման վրա ձևավորվեցին երկու ընկերություններ` «Արմավիա» ուղևորափոխադրող և «Air Armenia» բեռնափոխադրող ըկերությունները: Երկրորդը ուղղակի անցավ Հարությունյան եղբայրներին և «Հայկական ավիաուղիների» այն ժամանակվա գործադիր տնօրեն, Վահան Հարությունյանի ընկեր Արսեն Ավետիսյանին: Իսկ սնանկացման սխեման շատ պարզ էր. տարբեր մեքենայությունների շնորհիվ ընկերությունը հասցնել սնանկացման և սեփականաշնոհրել այն: Սնանկացումը առավել քան կասկածելի էր, քանի որ անգամ հետպատերազմյան 1996-ին ողջ Հայկական ավիացիան աշխատում էր 15 մլն դոլար մաքուր շահույթով, որից միայն 10 մլնը «Հայկական Ավիաուղիների» շահույթն էր: Սակայն նման շահույթ ունեցող ընկերությունը մի քանի տարվա ընթացքում 30 մլն դոլարի պարտք կուտակեց: Իսկ հաշվի առնելով այն, որ ընկերությունը 10 մլն դոլարի մաքուր շահույթ ուներ, արդեն 2000-ականների սկզբին ընկերության փաստացի պարտքը կազմում էր 45 մլն դոլար, ինչի մասին, ի դեպ, այդ ժամանակ տվյալներ հրապարակվեցին նաև միջազգային հեղինակավոր «Air Transport World» ամսագրում: Ընդ որում, սնանկանալը կասկածելի էր նաև այն պատճառով, քանի որ 1996-ի հետ համեմատ, ընկերության ուղևորափոխադրումների ծավալը չէր պակասել: Նշենք, որ դեռևս մինչև ընկերության սնանկացումը Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը եղել է «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենը: Սակայն, Հայաստանում Վահան Հարությունյանի հետ ծագած ինչ-որ ֆինանսական խնդրի պատճառով, վերջինս նշանակվել է Լոնդոնում ընկերության ներկայացուցիչ: Սակայն, այստեղ ևս, Վահան Հարությունյանը հայտնվել է ֆինանսական սկանդալի մեջ. պարզվում է, որ ընկերությունից մեծ գումարներ են անհետացել: Այդ սկանդալից հետո Վահան Հարությունյանը ընդհանրապես դուրս է գալիս «Հայկական ավիաուղիներից»: Մինչ այդ, Հարությունյաններն ու Ավետիսյանը արդեն հիմնադրել էին ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Գլոբ Թրեվըլ» ընկերությունը: 

2004-ի ապրիլի 12-ին տնտեսական դատարանի որոշմամբ «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Ընկերության սնանկ ճանաչելու գործում, ի դեպ, քարոզչական մեծ դերակատարություն է ունեցել այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով նույնիսկ հարցազրույցներ էր տալիս ԶԼՄ-ներին այդ թեմաներով: Սնանկ ճանաչելուց հետո, «Հայկական Ավիաուղների» գույքը վաճառվում է: Իսկ ընկերության բազայի հիման վրա ստեղծված երկու ընկերություններից մեկը` “Air Armenia”-ն իրար մեջ կիսում են ընկերության նախկին տնօրեն Արսեն Ավետսիյանն ու Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը` 50/50 հարաբերակցությամբ: Ընդ որում, եթե Հարությունյանների 50 տոկոսը հենց Վահան Հարությունյանի անունով է գրանցված, ապա Արսեն Ավետիսյանի փայաբաժինը փաստաթղթերով գրանցված է վերջինիս մոր անունով: (Ռուզաննա Ռեդիկի Թովմասյան՝ 1949 թ., գրանցված Ավան համայնքի Ռուբինյանց 27/4ա 19 հասցեով: Նույն հասցեով գրանցված է նաեւ 1971 թ. Ծնված Արսեն Վարդգեսի Ավետիսյանը): Իսկ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Գլոբ Թրեվըլ» ընկերությունը դե յուրե բաժանված է 30/30/30 համամասնությամբ. բաժնետոմսերի 30 տոկոսը կրկին Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանինն է, 30 տոկոսը` Արսեն Ավետիսյանինը, մյուս 30 տոկոսը պատկանում է ինչ-որ դրածո անձնավորության, որի փայաբաժինը, սակայն, դե ֆակտո տնօրինում են Հարությունյաններն ու Ավետիսյանը: Այսինքն, իրականում, «Գլոբ Թրեվըլը» ևս բաժանված է 50/50 սկզբունքով: Ի դեպ, և «Գլոբ Թրեվըլը» և «Air Armenia»-ն գրանցված են նույն հասցեում` Երևանի կենտրոնում գտնվող Գևորգ Քոչարի 21 հասցեում: Ներկայում «Air Armenia»-ն բեռնափոխադրումների ոլորտում մենաշնորհային դիրք է զբաղեցնում, և իրականացնում է պետական կառույցների, (ասենք, մասնավորապես, Պաշտպանության նախարարության) և Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների և խանութների համար բեռնափոխադրումները: Այդ ընկերության և դրա սեփականատերերի շահույթները գնալով ավելի և ավելի են մեծանում. Բյուզանդի 7 հասցեում Վահան Հարությունյանի անունով բնակարան է գրանցված, Գևորգ Քոչարի փողոցի վրա գտնվող ընկերության տարածքը կիսով չափ պատկանում է Վահան Հարությունյանին, մյուս կեսը` Արսեն Ավետիսյանին: Գրասենյակի նկուղային հարկն ամբողջությամբ փաստաթղթերով Վահան Հարությունյանի անունով է գրանցված: Վահան Հարությունյանի անունով է գրանցված Կորյուն փողոցի վրա գտնվող մեկ սենյականոց բնակարան, որը ևս որպես ընկերության գրասենյակ է օգտագործվում: Ընկերության սեփականատերերը անշարժ գույք, (և մասնավորապես, հողատարծքներ) ունեն արտերկրում, ընկերության ավտոպարկում մի շարք թանկարժեք ավտոմեքենաներ կան. մասնավորապես այնպիսի թանկարժեք ավտոմեքենա, ինչպիսին Բենթլին է: Նշենք, որ «Air Armenia»-ն ոչ միայն բեռնափոխադրումներ է իրականացնում, այլև երբեմն մաքսազերծման ծառայություններ է մատուցում որոշ ընկերությունների. մասնավորապես, «Արմենտել» ընկերության համար ուրիշ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստան բերված թանկ սարքավորումները մաքսարզերծել է հենց «Air Armenia»-ն: Ընկերությունը նաև պարբերաբար շինանյութեր է ներկրում Հայաստան. վերջին անգամ, մեր տեղեկություններով, մոտ 200 հազար դոլարի շինանյութ է տեղափոխվել: Ընկերության մյուս բաժնետերը` Ավետիսյանը, Ավանում մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում: Բացի այդ, Հարությունյան եղբայրներին է պատկանում նաև պահպանության ոլորտին առնչվող ընկերություն, որն ավարտած կադրերը միայն որպես «պահակներ» կարող են աշխատանքի ընդունվել «Air Armenia»-ում: Ու չնայած այս ընկերությունների վերնախավի ֆինանասական հաջողություներին, աշխատակիցները պարբերաբար աշխատավարձ չեն ստանում. Չնայած` հաշվապահությունում ամեն ինչ ձևակերպված է այնպես, իբր աշխատավարձները փոխանցվել են: 

Ամբողջական հոդվածն՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկա’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ–ական նախարարի «խուճուճ» արդարացումները’