‘Երվանդ Բոզոյան. Խոսել արդար և թափանցիկ ընտրությունների մասին, մեղմ ասած՝ տրամաբանական չէ’

1620

ԵԽԽՎում Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր կամ օրեր անց արդեն ոչ ոք չէր հիշում, թե ինչ է խոսել Սարգսյանը Ստրասբուրգում: Շատերը դա բացատրում էին նրանով, որ Սարգսյանի ելույթն այնքան կտրված էր իրականությունից, որ մտապահելու բան չկար: Շատերն էլ, ուղղակի չկարևորելով Սարգսյանի ելույթը, ընդհանրապես չէին ծանոթացել դրան: Շատերն էլ այդ օրա իրադարձություններից՝ բարձրացված մեծ աղմուկի պատճառով, ուշադրություն են դարձրել միայն Զարուհի Փոստանջյանի հարցին ու Սերժ Սարգսյանի պատասխանին:

Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք ծանոթանալ Սարգսյանի ելույթի արձագանքներին: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Պարոն Բոզոյան,  ելույթ ունենալով Ստրասբուրգում և ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը՝ Սերժ Սարգսյանը պնդեց, որ Հայաստանն ազատ խոսքի ու մամուլի երկիր է: Դատելով մամուլի այսօրվա վիճակից՝ կարելի՞ է արդյոք համաձայնել Սարգսյանի այս գնահատականին:

— Ցավոք՝ ոչ, ոովհետև ազատ խոսքի և մամուլի երկիր կարող է լինել այն երկիրը, որն ունի ազատ մրցակցային տնտեսություն, որն էլ կկարողանա ապահովել նաև մամուլի ազատությունը:

Ի վերջո, ցանկացած երկրի համակարգի հիմքում դրված է տնտեսությունը: Եթե տնտեսությունն ինքը մրցակցային հիմք ունի, ապա կարող է ստեղծել մրցակցային քաղաքական համակարգ, կարող է ստեղծել մրցակցային մամուլ: Իսկ քանի դեռ Հայաստանում այդպիսի իրավիճակ չէ, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում այսօր կա իմիտացիոն ազատ մամուլ, որը ֆորմալ իմաստով, արտաքուստ նման է ազատին, բայց գործնականում մամուլի միջոցների զգալի մասը, եթե ոչ՝ մեծ մասը, փաստորեն, ղեկավարվում և ուղղորդվում է իշխանությունների կողմից:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետաքրքրված է ազատ և մրցակցային  մամուլի կայացման հարցում:

— Եթե Սերժ Սարգսյանը հետաքրքրված լիներ դրանում, նա, առաջին հերթին, պետք է շահագրգռված լիներ, որ երկրում ձևավորվեր մրցակցային տնտեսական և քաղաքական համակարգ: Կյանքը և վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ, ցավոք, ինքը շահագրգռված չէ տնտեսական և քաղաքական մրցակցային համակարգի կայացման հարցում: Ճիշտ հակառակը, նա փորձում է տնտեսական դաշտը գերկենտրոնացնել և առավելագույնս իր ազդեցության տակ պահել: Բնականաբար, քաղաքական մրցակցության մասին ևս խոսք լինել չի կարող, եթե տնտեսության մեջ կա մոնոպոլիա, այն բերում է քաղաքական մոնոպոլիայի, և, բնականաբար, այս պարագայում մամուլում օբյեկտիվորեն գնում է այդ նույն պրոցեսը: Պարզապես՝ Սերժ Սարգսյանը մամուլում ընթացող այդ պրոցեսին փորձում է հաղորդել իմիտացիոն, ձևական տեսք՝ տեսականորեն պահպանել ազատ մամուլի տեսքը, բայց, միևնույն է, բովանդակությունն այն է, որ այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, կատարվում է նաև մամուլում:

Անդրադառնալով մեր երկրում անցկացվող ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դրանք եղել են արդար և թափանցիկ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես կարծում եմ՝ նույնիսկ դպրոցականներն են հասկանում, որ Հայաստանում, ցավոք սրտի, ընտրական ինստիտուտը չի աշխատում, և խոսել արդար և թափանցիկ ընտրությունների մասին, մեղմ ասած՝ տրամաբանական չէ:

Սերժ Սարգսյանն իր խոսքում նաև նշել է, որ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Վարչապետի անվան հետ առնչվող հայտնի օֆշորային սկանդալից հետո կարելի՞ է արդյոք հայտարարել, որ Հայաստանը պայքարում է կոռուպցիայի դեմ:

— Գիտե՞ք, եթե օֆշորային սկանդալի արդյունքում վարչապետը մնում է իր պաշտոնին, ապա հասկանալի է, թե ինչ աստիճանի է պայքարը գնում կոռուպցիայի դեմ: Սա լակմուսի թուղթ է, թե որքանով են անկեղծ իշխանությունների հայտարարությունները ու խոստումները՝ պայքարել կոռուպցիայի դեմ:

Կարեն Թովմասյան 

Նախորդ հոդվածը‘«ՄԱԿ-ն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Կուրտուային’