‘«ՄԱԿ-ն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում»’

813

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները շատ շուտով կգտնվեն, և, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհասնեն այն բանին, որպեսզի կողմերը համաձայնության հանգեն: Այդ մասին APA-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ-համակարգող Անտոնիուս Բրուկը:

«Հակամարտության կարգավորման ուղիների որոնման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մինչ օրս դա սպասելի արդյունքների չի հանգեցրել: Ես չունեմ այնպիսի մանդատ, որպեսզի ինքս ինչ-որ բան անեմ, սակայն հուսով եմ, որ հանուն խաղաղության կողմերն ընդհանուր հայտարարի կգան: Համոզված եմ, որ այդ հակամարտությունը չեն ուզում ոչ կողմերը, ոչ համանախագահները», — նշել է ՄԱԿ ներկայացուցիչը, հավելելով, որ 20  տարի առաջ շատ քաղաքացիներ լքել են իրենց տները եւ դարձել բռնի տեղահանվածներ, շատ մարդիկ են տառապում այդ հակամարտության հետևանքով:

Բրուկը նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ը միշտ հումանիտար օգնություն է ցուցաբերում, եւ հենց որ համաձայնություն ձեռք բերվի, կազմակերպությունը ձեռնամուխ կլինի կողմերին հումանիտար օգնության տրամադրման ծրագրերի իրագործմանը: «Սակայն ես կասեի, որ կարեւորը մարդկանց կյանքի բարելավումն է, հաշտության և փոխըմբռնման համար պայմանների ստեղծումը: Հուսով եմ, որ առաջիկայում խնդրի լուծումը կգտնվի` հանուն տարածաշրջանում բնակվող եւ հակամարտության արդյունքում տառապող մարդկանց», — ամփոփել է նա:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Խոսել արդար և թափանցիկ ընտրությունների մասին, մեղմ ասած՝ տրամաբանական չէ’