‘Երևանը մնաց առանց Նիմֆոմանուհու. Facebook-ում վրդովմունքի ալիք է ‘

2542

Երևանում չեղյալ է հայտարարվել Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունը: Պրեմիերան նախատեսվում էր փետրվարի 13-ին մայրաքաղաքի «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Սակայն Facebook-ում կինոթատրոնի պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել իբր՝ մի շարք քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունների առնչությամբ, որոնք տարակուսանք են հայտնել Հայաստանում լայն էկրանին «Նիմֆոմանուհու» ցուցադրման նպատակահարմարության առնչությամբ:

Այս որոշման մասին լուրը դժգոհության ալիք է հարուցել ֆեյսբուքցիների շրջանում: Իրենց մեկնաբանություններում նրանք, մասնավորապես, նշում են, թե ֆիլմը ցուցադրությունից հանելու փոխարեն կինոթատրոնի ղեկավարությունը կարող էր տարիքային սահմանափակում կիրառել: Բացի այդ նշվում է, որ Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլում, որը ներառված է «Սինեմա Սթարի» ֆիլմացանկում, նույնպես կան նույնանման «անկեղծ» տեսարաններ: Ուստի, ինչպես նշում են համացանցի օգտատերերը, միանգամայն անհասկանալի է, թե ինչու այդ ֆիլմը չի դարձել խորհրդավոր «քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների» դժգոհության առարկա:

Շատերն էլ նշում են, որ այս քայլով «Սինեմա Սթար» կինոթատրոնի ղեկավարությունը՝ իր կամքից անկախ Հայաստանում հիանալի գովազդային արշավ կազմակերպեց Թրիերի ֆիլմի համար, եւ հիմա ֆիլմը նայելու ցանկություն կունենան անգամ նրանք, ովքեր մինչ այդ նման ցանկություն չունեին:

Նշենք, որ Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» դրաման բաղկացած է երկու մասից: Ըստ սյուժեի, Սելիգման անունով ոչ երիտասարդ տղամարդը նրբանցքում գտնում է ծեծված մի անծանոթուհու՝ Ջոյին, ով տառապում է նիմֆոմանիայով: Ջոն նրան պատմում է իր կյանքի պատմությունը: Դեռ պրեմիերայից առաջ ֆիլմը հայտնվել էր սկանդալների կիզակետում` բազմաթիվ անկեղծ տեսարանների պատճառով: Վերջերս «Նիմֆոմանուհին» ներկայացվել է Բեռլինալե-2014-ում:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները պահանջում են իրենց աշխատավարձները. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հետեւում է ընդդիմադիրներին տպարաններից դուրս գալիս’