‘Երևանը և Մոսկվան կքննարկեն ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության ձևաչափը ‘

880

Հայաստանը և Ռուսաստանը մոտ ժամանակներում կքննարկեն Հայաստանի մասնակցության ձևաչափը ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Կարծում եմ` ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի տնտեսության առջև: Մոտ ժամանակներում մենք մեր հայ գործընկերների հետ կդիտարկենք բացվող բոլոր հնարավորությունները, կքննարկենք ինտեգրացիոն մարմինների հետ հետագա փոխգործակցությունը»,- ասել է Սոկոլովը: Նրա խոսքով` արդեն մոտ օրերս ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից վավերացված ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը: «Ապագայում դա կլինի ընդհանուր շուկա` միասնական տնտեսական և իրավական նորմերով, որի շրջանակում կապահովվի մարդկանց, ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժ»,- ասաց ՌԴ տրանսպորտի նախարարը:

Երևանում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, իսկ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախորդ հոդվածը‘Վարչապետ. Աղքատության 30 տոկոսը վտանգավոր ցուցանիշ է Հայաստանի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթին բացասական եմ վերաբերվում ‘