Զախարովան հիշեցրել է ՆԱՏՕ-ի «վաղեմի սկզբունքները»

242

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան պաշտոնյաներին հիշեցրել է ՆԱՏՕ-ի նախկին մամուլի քարտուղար Ջեյմի Շիի խոսքը, որն արդարացնում էր Հարավսլավիայի ենթակառույցների նպատակաուղղված գնդակոծությունները, ինչի հետևանքով խաղաղ բնակիչները զրկվել էին լույսից ու ջրից։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և սպիտակտնեցիներին՝ հիշեցում,- գրել է Զախարովան իր Telegram-ալիքում և մեջբերել դաշինքի նախկին ներկայացուցչի խոսքը 1999 թ․ մայիսի 25-ին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՆԱՏՕ-ն երկրի բնակչությանը զրկում էլեկտրականությունից և ջրամատակարարումից՝ նա պատասխանել էր, որ իրեն չեն հուզում սերբ ժողովրդի խնդիրները։

Ջեյմի Շին շեշտել էր, որ Հարավսլավիայի իշխանությունները պետք է ընդունեին Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանները, որպեսզի ենթակառույցների գնդակոծությունները դադարեին։

«Եթե Միլոշևիչն իսկապես ուզում է, որ իր քաղաքացիները ջուր և էլեկտրականություն ունենան, այն ամենը, ինչ պետք է նա անի՝  պետք է ընդունի ՆԱՏՕ-ի պայմանները, և մենք կդադարեցնենք այս կամպանիան։ Քանի դեռ նա այդ բանը չի արել, մենք կշարունակենք գրոհել այն թիրախների վրա, որոնք նրա բանակն ապահովում են էլեկտրաէներգիայով։ Եթե դա հետևանքներ է ունենում բնակչության համար, ապա դա Սլոբոդան Միլոշևիչի խնդիրն է։ Ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիան օգտագործվում են ընդդեմ Սերբիայի ժողովրդի, մենք դրանք անջատել ենք ընդմիշտ կամ երկար ժամանակով՝ հանուն 1,6 մլն կոսովցիների, որոնց վռնդել են իրենց տներից։ Այս տարբերությունը ոչ բոլորին դուր կգա, բայց ինձ համար դա հիմնարար տարբերություն է»,- լրագրողներին հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն ու Adidas-ը հաստատել են, որ Ռոնալդուն Ֆերնանդեշի գոլի դրվագում չի հպվել գնդակին