‘Զանգվածային ցույցեր Հոնկոնգում’

1027

Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք վերջին օրերին բողոքում են մայրցամաքային Չինաստանին արտահանձնելու վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու դեմ:

Երեկ լուսաբացին դիմակավոր մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ և ուսանողներ, արգելափակել են կառավարական շենքերի հարակից փողոցները և փորձել են ներխուժել քաղաքային խորհրդի տարածք: Իշխանությունները պնդում են, որ ցուցարարները աղյուսներ են նետել Օրենսդիր խորհրդի շենքի վրա, որտեղ խորհրդարանականները քննարկում էին վիճելի օրինագիծը:

Օրինագծի դեմ բողոքի գործողությունները շարունակվում են կիրակի օրվանից, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ էր դուրս եկել բողոքի ցույցի՝ Հոնկոնգի բնակչության մեկ յոթներորդը: Դա ամենաբազմամարդ ցույցն էր Հոնկոնգում1997 թ. ի վեր, երբ նախկին բրիտանական գաղութը վերադարձվեց Չինաստանին:

Նոր օրենքը թույլ կտա քրեական հանցանքների մեջ կասկածվող անձանց Հոնկոնգից արտահանձնելու Չինաստանի, Թայվանի և Մակաոյի իշխանություններից ստացված հայցերի հիման վրա: Արտահանձնվածների թվում, ինչպես մտավախություն են հայտնում փոփոխությունների քննադատները, կարող են հայտնվել մայրցամաքից փախած այն մարդիկ, ովքեր քննադատել են Չինաստանի իշխանություններին և պատժիչ գործողություններից պատսպարվել Հոնկոնգում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’