‘Զինդատախազությունը համաձայն չէ Մատաղիսի գործով արդարացման հետ’

1094

«Մատաղիս»-ի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռի դեմ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նաև զինվորական դատախազությունը։ Ավելի վաղ, նույն դատավճռի դեմ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու մասին հայտարարել էր նաև մեղադրանքի կողմի մաս կազմող, տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ, նրա մայրը՝ Գոհար Մելքոնյանը, հայտնում է Փաստինֆոն:

Նա և տուժողի մյուս հարազատները՝ հորեղբայրն ու հորաքույրը, համոզմունք էին հայտնել, որ հանցագործությունը կատարել են տարբեր դատական ատյանների կողմից 15 տարվա, ցմահ ազատազրկման դատապարտված, ապա Վճռաբեկ դատարանի բեկանումից հետո հիշյալ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Տուժողի հորեղբայր Արթուր Եղիազարյանը հայտարարել էր, որ լիովին կիսում է նախաքննական մարմնի դիրքորոշումը, որը մինչև վերջ պնդում էր մեղադրանքը:

Տուժողի հարազատը համոզմունք էր հայտնել նաև, որ նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ խոշտանգումներ չեն եղել, ուստի, մասնավորապես՝ այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում Ռ.Սարգսյանի խոստովանական ցուցմունքները չէին կարող լինել խոշտանգումների հետևանք: Տեսագրությունից երևում է, ըստ նրա, որ Ռ.Սարգսյանի դեմքին բացակայում են խոշտանգումների հետքերը: Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բաժանել էր հարցաքննության տեսագրությունը, որն ի դեպ, նորություն չէ, միշտ էլ եղել է քրեական գործում:

Տուժողի հարազատները արդարություն են պահանջում ընդհուպ մինչև ՀՀ նախագահից և պահանջում դատապարտել արդարացվածներին:

 

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալը ահազանգում է, որ վախենում է իր կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել’