‘ԶԼՄ․ Բանվորներին առաջարկել են արտաժամ մասնակցել Թրամփի հանրահավաքին’

941

Փիթսբուրգի մերձակա նավթաքիմիական գործարանի շինարարության բանվորներին առաջարկվել է ներկա լինել այնտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին կամ չվճարվող հանգստյան օր վերցնել։ Այդ մասին հաղորդել է տեղական Pittsburgh Post-Gazette թերթը։

Թրամփը երեքշաբթի օրը ելույթ է ունեցել Royal Dutch Shell նավթային ընկերության գործարանի շինհրապարակում։ Դա այսօրվա դրությամբ Փենսիլվանիա նահանգում ամենախոշոր շինարարությունն է։

Գործարանի շինարարության մեջ ներգրավված բանվորներին առաջարկ է արվել՝ կամ Թրամփի այցելության օրը ներկա լինել և բոնուս ստանալ արտաժամյա աշխատանքի համար, կամ չվճարվող հանգստյան օր վերցնել, հաղորդել է թերթը։ Հատուկ նշվել է, որ բոնուս կստանան միայն այն բանվորները, ովքեր աշխատանքի կներկայանան առավոտյան ժամը 7-ին, կգրանցեն իրենց անցաթուղթը, ապա մի քանի ժամ ոտքի վրա կսպասեն նախագահի գալուն։

«Գրանցման նշան չկա՝ փող էլ չկա»,- աշխատողներին բացատրել է շինարարական ընկերության ներկայացուցիչը։

Բացի այդ՝ նախազգուշացվել է, որ նախագահի ելույթի ժամանակ արգելվում է դժգոհության կամ բողոքի ցանկացած արտահայտություն։

Գործարանում ելույթը պետք է նվիրված լիներ էներգետիկայի հարցերին, սակայն Թրամփն այն օգտագործել է նաև քարոզչական նպատակներով՝ կոչ անելով 2020 թ․ քվեարկել իր օգտին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘ATP. Մեդվեդեւն առաջին անգամ 5-րդն է, առաջատար եռյակն անփոփոխ է’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո է առաջարկում Պաուոլո Դիբալայի համար’