‘ԶԼՄ․ Պոռոշենկոն պաշտպանություն է խնդրում ԱՄՆ լոբբիստներից’

1257

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն դիմել է ԱՄՆ լոբբիստական ընկերություններին՝ խնդրելով Ուկրաինայում քրեական գործերի կապակցությամբ օգնել իրեն։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է «Вести Украина» պարբերականը՝ հիմնվելով իր աղբյուրների տեղեկությունների վրա։

Մասնավորապես՝ Պոռոշենկոն օգնության համար դիմել է BGR Group-ին։ Այդ լոբբիստական ընկերության կայքի տրամադրած տեղեկության համաձայն՝ BGR Group-ի ավագ խորհրդականը Ուկրաինայի գծով պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերն է։

«Вести Украина»-ի տվյալներով՝ «օրինակ, կարելի է հանրային աջակցություն ակնկալել Վաշինգտոնում՝ կալանքի փորձի դեպքում»։ Բացի այդ, պարբերականը նաև գրում է, որ հնարավոր է «Սաակաշվիլիի սցենարը», երբ պետության նախկին առաջնորդը, կասկածների դեպքում, լքում է երկրի տարածքը։ «Օրինակ՝ մեկնում է բուժման։ Կամ՝ Լոնդոն, որտեղ հաստատվել է նրա շրջապատի մի մասը»,- պարբերականը մեջբերում է քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինի խոսքը։ Բայց այդ մոդելը, հավելում է քաղաքագետը, դժվարացնում է երկրի ներսում բիզնես-ակտիվների պաշտպանությունը, որոնք կարող են կալանքի տակ վերցվել։

Պարբերականը նշում է, որ Պոռոշենկոն հասկանում է Հետաքննությունների պետական բյուրոյի՝ իրեն ներկայացված մեղադրանքների լրջությունը, որը 13  գործ է հարուցել  նախկին նախագահի և նրա շրջապատի դեմ։

Հուլիսի 28-ին Պոռոշենկոն ընտանյոք հանդերձ մեկնել է հանգստի արտասահման։ Թե որքան ժամանակ է նա այնտեղ լինելու՝ չի հաղորդվում։ Մեկնելուց առաջ ՀՊԲ-ն նրան ծանուցագիր է հանձնել հաջորդ հարցաքննության համար, որը նշանակված է օգոստոսի 12-ին։

Պոռոշենկոն մեղադրվում է պետական դավաճանության, ծառայողական դիրքը չարաշահելու, հանցավոր եկամուտներն օրինականացնելու, հարկեր չվճարելու, դատական իշխանությունն ուզուրպացնելու փորձի և այլ հանցանքներում։

Փոխանցում է tass.ru-ն։

 

Նախորդ հոդվածը‘Մուստաֆին չի ցանկանում լքել «Արսենալը»’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանի․ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի «մանկական վարքի» օրինակն են’