‘ԶԼՄ. Արդյո՞ք Մալոռոսիայի մասին հայտարարությունը համաձայնեցվել է Կրեմլի հետ’

2248

Ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հայտարարությունը Ուկրաինայի գոյությունը դադարեցնելու և նրա փոխարեն՝ Դոնեցկ նոր մայրաքաղաքով նոր պետություն՝ Մալոռոսիա ստեղծելու վերաբերյալ՝  դարձել է լրատվամիջոցների քննարկման առարկան: «Независимая газета»-ի վարկածի համաձայն՝ այդ սցենարը կարող է համաձայնեցված լինել Մոսկվայի հետ:

Հայտարարությունն արվել է Մինսկում եռակողմ աշխատանքային խմբի հերթական նստաշրջանից առաջ, և թերթի կարծիքով՝ այժմ այդ հանդիպման օրակարգը կարող է լրիվ փոխվել: Եվ նույնիսկ աշխատանքային խմբում ԴԺՀ ներկայացուցիչ Դենիս Պուշիլինն այդ նախաձեռնությունը անվանել է «ոչ միանշանակ»: Թերթը գրում է, որ Զախարչենկոյի առաջարկը կարող է դիվանագիտական սկանդալի առիթ դառնալ: Մինսկի համաձայնագրերի երաշխավոր երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, արդեն Ռուսաստանից պահանջել են բացասաբար արձագանքել ԴԺՀ ղեկավարի նախաձեռնությանը:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները պարտավոր են Մոսկվայի հետ համաձայնեցնել իրենց բոլոր քայլերը, քանի որ հենց նրանից կախում ունեն: Սակայն թե այս անգամ ում հետ է իր հայտարարությունը համաձայնեցրել Զախարչենկոն՝ պարզ չէ:

Տնտեսական և քաղաքական բարեփոխումների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Միրոնովը Զախարչենկոյին բնութագրել է որպես «փորձառու քաղաքական գործիչ», և կարծում է, որ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու՝ նման հայտարարություն անել, այն էլ՝ Մինսկում աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումից առաջ, կարող էր միայն հիմարը:

«Ведомости»-ն իր խմբագրականում նշում է, որ «Մալոռոսիա» նախագծից անմիջապես հրաժարվեցին թե՛ Կրեմլը և թե՛ անգամ ինքնահռչակ ԼԺՀ-ն: «Դատելով Մոսկվայի արձագանքի արագությունից և ձայնի բարձրությունից՝ Մալոռոսիայի գաղափարն ավելի շուտ նման է տեղական ինքնագործունեության, քան կրեմլյան կոմբինացիայի, ինչը կասկածի տակ է դնում Կրեմլի կողմից Դոնեցկում իրավիճակի վերահսկողության հարցը»,- մեկնաբանել է թերթը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հետագայում Ռունին կարող է վերադառնալ «Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ջոն Հանսթմանը’