‘ԶԼՄ.Լուկաշենկոյին «սառցե մարտահրավեր» նետած պատանին ոստիկանություն է կանչվել’

928

Բելառուսցի տասներորդ դասարանի աշակերտ Դմիտրի Դայնեկոն ստիպված է եղել համացանցից հեռացնել Ice Bucket Challenge (Սառցե ցնցուղ) ակցիայի հոլովակն այն բանից հետո, երբ նրան և այդ հոլովակը նկարահանած նրա ընկերներին կանչել են ոստիկանություն, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական կայքը:

Բանն այն է, որ Դայնեկոն մասնակցել է Ice Bucket Challenge ակցիային. ընկերները տեսախցիկի առջև նրա վրա սառցե ջուր են լցրել, որից հետո նա հայտարարել է, որ էստաֆետը փոխանցում է հաջորդ մասնակցին, ու տվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը:

Սակայն, ինչպես պարզվել է, Լուկաշենկոն չի ոգևորվել սառցե ցնցուղ ընդունելու հեռանկարով: Դմիտրիին և ընկերներին կանչել են ոստիկանության անչափահասների բաժին, նախատել, որ պատանիները «նախագահի դեմ են գնացել», սպառնացել են հաշվառման վերցնել բոլորին ու տուգանել: Առայժմ բանը «պատժամիջոցներին» չի հասել, բայց տեսահոլովակը ստիպել են հեռացնել YouTube-ից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Դմիտրին, գործը քաղաքական բնույթ է ստացել.համացանցում հայտնվելուց երեք օր անց այն իր էջում տեղադրել է ընդդիմադիր «Խարտիա-97» կայքը, որից հետո էլ հատուկ ծառայություններն ակտիվացել են:

Ice Bucket Challenge ակցիային մասնակցել են նշանավոր շատ մարդիկ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ռուսաստանցի քաղաքական գործիչներ Վլադիմիր Ժիրինովսկին և Սերգեյ Միրոնովը, ու նույնիսկ Արմեն Աշոտյանը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարգանքի տուրք՝ Մաեստրո Դուրյանի հիշատակին. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալված իսլամիստը ծրագրել էր Փարիզում ահաբեկչություն իրականացնել Բաստիլի գրավման օրը’