‘Զոյա Թադեւոսյան. ՀԱԿ ցուցակը մրցունակ է’

1996

 iLur.am-ի հետ զրույցում ասում է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը:

Արդեն հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակը գլխավորելու են Վահագն Խաչատրյանը, դուք եւ Արման Մուսինյանը: Ինչո՞վ է պայմանավորված ցուցակի առաջին եռյակի նման կազմը, որովհետեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների դեպքում ավագանու ցուցակը գլխավորում են ընդգծված քաղաքական դեմքերիսկ ՀԱԿի դեպքում` կարծես մասնագիտական մոտեցում է ցուցաբերվել:

— ՀԱԿ-ի դեպքում, այո, ավագանու ցուցակի կազմման ժամանակ առաջնությունը տրվել է պրոֆեսիոնալիզմին, փորձին եւ որ ամենակարեւորն է, մենք Երեւանից սկսում ենք նոր սերնդի քաղաքական գործիչների  հաղթարշավը: Ինչ վերաբերվում է Ձեր կողմից նշված ընդգծված քաղաքական դեմքերին,  լիդերներին, ապա հիշեցնեմ, որ երբ Վահագն Խաչատրյանը Երեւանի քաղաքապետն էր, նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, որ երբեւէ կարող էին արժանանալ Վահագն Խաչատրյանի մրցակիցը լինելու պատվին:

Որքանո՞վ եք ՀԱԿ ցուցակը համարում մրցունակ:

— ՀԱԿ ցուցակը մրցունակ է, դա հաստատ կարող եմ ասել: Խնդրում եմ, ինձ անհամեստության մեջ չմեղադրեք, այն ինչ ասում եմ վերաբերվում է մնացածին, ինձ նկատի չունեմ: Ես հիացած եմ մեր ցուցակով եւ իմ հիացմունքը պայմանավորված է այդ ցուցակում առկա նոր անուններով, անձանցով, ովքեր տեղավորվում են քաղաքական անձերի մասին իմ պատկերացումներում, ազնիվ են, արդարամիտ, հաստատակամ, գեղեցիկ են, մարդ են, սիրում են իրենց հողը, լեզուն, հայերենը…նրանք ունակ չեն կեղծիքի, ստի, չարախոսության, դավաճանության: Մի խոսքով, ցուցակը հրաշալի է, մնում է հաղթենք:

Այս ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք, եթե նկատի ունենանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմը շարունակում է նույն ոճով գործել, դեռ մի բան էլ ավելին` կատարելագործվել է:

— Ակնկալիքները լավատեսական են, հակառակ դեպքում պայքարը դառնում է անիմաստ: Ընտրակեղծիքները կան ու կլինեն, հենց որ տեսնենք այլեւս ընտրակեղծիքները մեր իրականության մեջ տեղ չունեն, ուրեմն իշխանափոխություն է եղել: Քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել՝ նրանք գոյատեւելու են բացառապես դրանց հաշվին եւ միջոցով: Կարծում եմ՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը ունեն բավարար ռեսուրսներ ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու, կան նաեւ դրանք կանխելու մեխանիզմներ, կփորձենք գոնե այդ ուղղությամբ բոլոր ջանքերը միավորել: Պայքարը պետք է տանենք հնարավորինս գրագետ ու համակարգված:

Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում հայտարարել է. «Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր քիչ են ներկայացված խորհրդարանում, համարում են, որ ընտրությունները կեղծվել են, որ իրենց խաբել են, որ իրենք անմասն են մնացել: Այդ չարությամբ գնում են խորհրդարան և իրենց խնդիրն են համարում առավոտից երեկո միայն չարախոսելը: Գիտեք, պետք է անդրադառնամ այդ թեմային. իրոք, մեր երկրում, ցավոք սրտի, չարախոսությունը փոխարինել է առողջ քննադատությանը»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունները, արդյո՞ք ՀԱԿը չարախոսում է, ոչ թե առողջ քննադատում:

— ՀԱԿ-ը իրերն իրենց անուններով է կոչում: Իշխանագողին անվանենք բարեգո՞ղ, ավազակապետական ռեժիմը՝ բարի ու չաղ հարուստների կառավարությո՞ւն, թե՞ ընտրակեղծիքները՝ հոգնածների թվաբանություն: Այնպիսի տպավորություն է, որ թալանել, կեղեքել, ստել, ստրկացնել, կեղծել եւ համարժեք այլ արտահայտությունների համար գործող նախագահը շուտով քրեական պատասխանատվություն կսահմանի ու բոլորը կբարիանան, ինչպես «մեծն» Ստալինի ժամանակներում: Բարի պտուղ հավաքելու համար պարզապես բարի սերմեր պետք է ցանել: Բանաձեւը սա է, ուրեմն Ձեր մեջ փնտրեք չարության արմատները երկրորդ անգամ իշխանությունը «բարի» նպատակներով ժողովրդից խլած, չէ, չէ, ներողություն, խնդրա´ծ ռահվիրա:

 Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունները:

— Հայտարարություն՝ մեղք գործած մարդու ներքին ձայնի, որն ասում էր. «դու ընդամենը 8 տոկոս ձայն ես հավաքել» եւ նկարած 58,84 տոկոսի բախման արդյունքում «ծնված», հանրությանն ուղղված հանդուրժողականության կոչ էր: Չստացվեց: Հիասթափությունն ու ատելությունն ավելի խորացավ: 

Իր ասուլիսում Ս.Սարգսյանը խոսել է նաեւ իր տնտեսական ծրագրերի մասին. «Ընդհանուր գծերով՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից», եւ այլն: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս հանգամանքը:

— Ա´յ, եթե նաեւ ասեր, թե ինչ ռեսուրսների հաշվին դա պետք է անի, այդ հարցը կքննարկեինք: Աշխատավարձի բարձրացման երկու ոլորտ կա՝ պետական եւ մասնավոր: Պետական հատվածում զբաղվածների աշխատավարձը բարձրացնում են բյուջեի միջոցների հաշվին: Բյուջեի միջոցները գոյանում են բիզնեսից ստացվող հարկերի հաշվին: Փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը չափազանց ծանր է, ինչ էլ պատճառ է դառնում դրանց փակվելուն և հետո դրանցում ներգրավվածների արտագաղթին: Իսկ օլիգարխներին, սեփական հենարանին նա ձեռք չի տա: Եզրակացություն. փոքր ու միջին բիզնեսը կկեղեքվի, որպեսզի դրա հաշվին բարձրացվի բյուջետային աշխատողների աշխատավարձը: Ի՞նչ ստացվեց, հասարակության մի մասի հաշվին մյուսին պահել: Այսպես էլ արել են մինչեւ հիմա: Դրա համար էլ օտարերկրյա կապիտալի ներգրավման, բիզնեսի համար բարենպաստ միջավայր  ձեւավորելու, նոր աշխատատեղեր բացելու, ստվերային տնտեսությունը կրճատելու, կոռուպցիայի դեմ պայքարի նախընտրական խոստումներ չեն եղել: Ի՞նչ իմաստ ուներ. ինչպես ասում են՝ գնացող նախագահ է: Հիշենք նրա նախորդին երկրորդ պաշտոնավարման տարիներին:

 

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի ցուցակի առաջի տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘ Սահմանամերձ գյուղի բնակիչները ջուր կօգտագործեն 50% զեղչով’