‘Զոյա Թադևոսյան. Ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար’

1535

Մայիսի 5-ին ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Զոյա Թադևոսյանն այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ դիմեց ընտրողներին հետևյալ կոչով.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիները, դուք իմ ընկերների ելույթիներից արդեն հասկացաք, թե որքան կարևոր է ձեր մասնակցությունը մայիսի 5-ի ընտրություններին և որքան կարևոր է, որ ձեր ձայնն երբեք չտաք իշխող կուսակցությանը, քանի որ այդ կուսակցությունը ոչնչացնում է Երևանը»:

Զոյա Թադևոսյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը նախատեսում է Փոքր Կենտրոնի կառուցապատման ծրագիր իրականացնել, ինչը նշանակում է, որ շատ ու շատ երևանցիներ արժանանալու են Բյուզանդ և Արամի փողոցի բնակիչների բախտին:

«Իշխանությունները քանդում են ամեն ինչ: Այդ առումով ես վստահ եմ, որ որևէ երևանցի, առավել ևս Կենտրոնի բնակիչներից և ոչ մեկը այս իշխանություններին ձայն չի տա, հակառակ դեպքում, Դուք այդ օրն որոշում եք ձեր ճակատագիրը: Եթե ձայն կտաք նրանց, ուրեմն չեք ուզում ապրել Հայաստանում, Երևանում, չեք ուզում, որ ձեր մայրաքաղաքը բարգավաճի»,- նկատեց կոնգրեսական թեկնածուն:

Նա տեղեկացրեց նաև, որ ինքը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ որոշ քաղաքական ուժեր ցուցակներ են կազմում և պատրաստվում ընտրակաշառք բաժանել:

«Ես դեմ եմ ընտրակաշառք վերցնելուն, բայց եթե ինչ-որ հանգամանքից ելնելով՝ որոշեք այդ կաշառքը վերցնել, վերցրե՛ք, հալալ լինի ձեզ, բայց ձայն չտաք իշխանությանը: Նրանք չեն կարող վերահսկել ձեր ձայները, ոչ մի վերահսկողության մեխանիզմ չունեն, չեն կարող նկարել, չկան նկարող գրիչներ: Մի վախեցեք, ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար»,-կարծիք հայտնեց Զոյա Թադևոսյանը:

Անդրադառնալով նրան, որ իշխանությունները, Զոյա Թադևոսյանի բնորոշմամբ, վախենալով Հայ ազգային կոնգրեսի հզորացումից, եթերից աընդհատ ուզում են հիշեցնել մութ ու ցուրտ տարիներ մասին՝ նկատեց.

«Մի անգամ ղարաբաղցի լրագրող Քրիստինե Խանումյանը դրա վերաբերյալ իր մտքերն է շարադրել ֆեյսբուքյան նոթատետրում, որը կարդալուց հետո ես շատ ամաչեցի, ամաչեցի, որ երբևէ այդպես մտածել եմ: Ուզում եմ ընթերցել այդ գրառումը նաև ձեզ համար.

«Պատերազմի սկզբին Ստեփանակերտի մեր կողքի շենքի նկուղը լուսավորում էինք գազով…..գազ կար….լույս արդեն չկար….հաց չկար….վախ կար… բայց նաեւ կար հույս….

..Մի քանի օր առաջ էլի երեւանցի մի քանի սնոբ կիսամտավորական դեմքերից լսեցի «ցրտի ու մթի» հայտնի տարիների մասին հերթական դատարկաբանությունը եւ հենց դա էլ թերեւս ստիպեց ինձ, որ գրեմ այս տողերը….էն ժամանակ ի՞նչ էր` «ցուրտ ու մութ»….սով էր… դատարկություն….

1991-ի սեպտեմբերին ես դեռ յոթ տարեկան էի….դպրոցի ճանապարհին`մի պայծառ առավոտ առաջին անգամ լսեցի ալազանի կրակոցները, հետո մենք դեռ երկաար դպրոց չգնացինք…..նկուղները դարձել էին մեր տունն ու օջախները… մեր բակն ու ամեն ինչը….իսկ պատերազմի սկզբին Ղարաբաղում դեռ գազ կար….լույս արդեն չկար… հետո գազ էլ չկար… եւ մեզ միայն վառարաններն էին մնացել….հաց էլ չկար…. ալյուր էին գտնում մեծերը, հաց էին թխում, հենց նույն տեղում, մեեեծ սենյակ, երկու մասի բաժանված, մի մասում իրար կպցրած երկաթյա անկողիններն են, մյուս մասում` այսպես կոչված ընդհանուր սենյակը, ճաշասնյակն ու հյուրասենյակը….այստեղ մեծերը ճաշ էին եփում, իսկ մեզ երազների գիրկը ուղարկելուց հետո, նստում եւ զրուցում էին աշխարհի բանից….

…ամեն ինչ արդեն վաղուց սովորական էր դարձել, նույնիսկ կրակոցները, սովորական չէր դառնում միայն մահվան հետ ամենօրյա առերեսումը…..ամեն օր, ամեն ժամ գիտակցում էիր, որ էս ժամը կարող է լինել վերջինդ, ամեն կրակոցից հետո աչքերդ փակում էիր` գիտակցելով, որ աչքերդ գուցե այդպես էլ մնան փակված…..

մահվան հետ առերեսումն ամենասարսափելին էր, եւ մեկ անգամ մահվան դեմքին նայելուց հետո, կյանքին սկսում ես այլ կերպ նայել…..լիքը բաներ դրանից հետո դառնում են սովորական, լիքը սովարական բաներ` անսովոր….մեջդ լիքը բաներ են փոխվում, լիքը բաներ կոտրվում, դառնում ես լացկան, ջզաձիգ…սենտիմենտալ ու անսիրտ….անկանխատեսելի….փոփոխական….էդպես է….

…էսպես ուրմն, պատերազմի տարիներին գազ չկար, լույս չկար, հաց չկար, ոչինչ չկար, կար միայն հույս….

հույսն առ այն, որ լավ է լինելու, որ հաղթելու ենք, որ դուրս ենք գալու, որ երկիր են անկախացնում…..պատերազմ է….դժվար է….հույս կար….

այդ է պատճառը, որ այն ժամանակ մենք ոչ թե առատ-առատ ուտել էինք ուզում, այլ` ապրել…. որովհետեւ հույս կար…հիմա մենք առատ ուտում ենք, բայց էլ հույս չունենք….հույսը կորել է…..որովհետեւ մեր անկախացրած երկիրը տանում են կործանման…….որովհետեւ կործանողները կործանում են, իսկ կողքից ոմանք աջակցում են դրան…..որպես իրենց ծախու լինելու արդարացում նշելով էն տարիների «մութն ու ցուրտը»…

հիմա տաք է ու լուսավոր….ուրեմն ինչո՞ւ մենք ավելի հուսահատ ենք, ինչո՞ւ կորավ մեր հույսը…ուրեմն, հույսը մթի ու ցրտի հետ չի գալիս…..եւ բոլոր նրանք, ովքեր դրանով են արդարացնում իրենց ծախվելու հանգամանքը… բոլոր նրանք ծախու շներ են…. եւ ես դրանց ասելու ավելի ոչինչ չունեմ..

իսկ պատերազմի սկզբին, ինչպես նշեցի, մեր նկուղում գազ չկար արդեն…..լույս չկար… հաց չկար.. բայց ես սիրում էի իմ բոլոր հարեւաններին, մենք սիրում էինք միմյանց, հարգում էինք, եւ փայփայում…..եւ մենք նույնիսկ երջանիկ էինք….որովհետեւ հույս կար…..որովհետեւ մեր հայրերը, պատերազմից մեկ-երկու օրով տուն գալուց մեզ չէին ասում,թե դուք սոված եք ու մրսած, չէին ասում, թե մթի ու ցրտի մեջ ենք ապրում, մեզ հիշեցնում էին, որ պատերազմ է… իսկ պատերազմի ժամանակ ատլասե ու մետաքսե ներքնաշոր չեն ուզում….

հա ուրեմն, որոշ սնոբներ ինձ այսօր հիշեցնում են, որ իրենք էն տարիներին մթի մեջ էին ապրում, սոված էին, բայց նրանք վախենում են դա ասել ուղիղ ինձ` շարքային ղարաբաղցուս, դե Սերժ կա, Ռոբ կա, սողալ կա, դրա համար ընտրել են ամենահեշտ ճանապարհը` ասում են, Լեւոնը մթի ու ցրտի մեջ էր մեզ պահում, սովի մեջ……

Ու քանի որ կիսամտավորականների ռիսկն այդքան չի հերիքում, որ իրենց սոված մնալու մեջ մեղադրեն իրական հասցեատիրոջ, ես այդ ծանր բեռը վերցնում եմ իմ վրա…. դուք Երեւանում մթի ու ցրտի մեջ էիք, որովհետեւ պատերազմ էր, այնտեղ` Ղարաբաղում, որովհետեւ այնտեղ մեր, իմ նման հազարավոր երեխաների կյանքերը փրկելու կարիք կար… որովհետեւ մենք այնտեղ քիչ է սոված էինք, նաեւ` ամեն օր նայում էինք մահվան աչքերին….դուք այստեղ սոված էիք մնում, մթի ու ցրտի մեջ, որովհետեւ այնտեղ պատերազմ էր, եւ իմ տունն էին փրկում, մեր նման հազարավոր ղարաբաղցիների տները….դուք այդ զրկանքները կրել եք, որպեսզի մենք այնտեղ չմահանանք… 

ոմանք այդ զրկանքները կրել են գիտակցաբար, ոմանք` չուզենալով, եւ այսօր էլ աչքներս խոթելով.. բոլոր նրանք, ովքեր այսօր առաջին նախագահին մեղադրում են «մթի ու ցրտի» համար, թող այնքան քաջություն ունենան, որ կանգնեն ղարաբաղցիների դեմը եւ ասեն, ձեր պատճառով էինք մեր մթի ու ցրտի մեջ ապրում…..իսկ եթե այդքան քաջություն չունեք, գոնե շնորհակալ եղեք Լեւոնին, որ նա ձեզ` ձեր իսկ կամքին հակառակ հերոսացրեց, դարձրեց մեկը նրանցից, ով իր բարեկեցությունը դրեց հաղթանակի զոհասեղանին….

այո, մենք բոլորս վճարել ենք մեր հաղթանակի համար… որովհետեւ հաղթանակները հենց այնպես չեն տրվում… հաղթանակի համար վճարում են….եւ վճարում են բոլորը….մեկը սոված մնալով, մեկը` մթության մեջ, մեկն էլ` իր կյանքը զոհելով…..

դուք Երեւանում կրել եք զրկանքներ ոչ թե Լեւոնի, այլ իմ, իմ նման ղարաբաղցիների, Ղարաբաղի համար…եւ եթե այսօր խոսում եք այդ մասին, ուրեմն ձեր զրկանքներն իմ երեսով եք տալիս……եւ ի վերջո, եթե ձեզ համար դրանք մթի ու ցրտի տարիներ էին, իմ համար` դրանք հաղթանակի տարիներ էին, հաղթանակ մահվան հանդեպ, հաղթանակ թշնամու հանդեպ….եւ ես շնորհակալ եմ այդ հաղթանակի եւ հույսի համար….

..հա ուրեմն, պատերազմի սկզբում արդեն Ղարաբաղում գազ չկար, լույս չկար, հաց չկար… բայց հույս կար….եւ ես փառք եմ տալիս Աստծուն, որ այն դժվար տարիներին Հայաստանը հենց առաջին նախագահն էր ղեկավարում, չեմ ուզում պատկերացնել անգամ, թե ինչ կարող էր լինել Հայաստանի հետ, եթե արդեն այն ժամանակ իշխանությունը լիներ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքում……

Հ.Գ. …դու այդ հողերը ազատագրել ես, դու էլ դրանք կպահես...»»,-եզրափակեց իր ելույթը կոնգրեսական թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը վերսկսել է մարզումները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում (ամբողջական տարբերակ, տեսանյութ)’