‘Զոյա Թադևոսյան. Տնտեսությանը վիրահատական միջամտություն է անհրաժեշտ’

1416

Դրամի արժեզրկման վերաբերյալ iLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:

Վերջինս նախ ներկայացրեց հիմնական պատճառները՝ նշելով, որ դա, առաջին հերթին, ներմուծված արժեզրկում է:
«Հայաստանի տնտեսական դաշտի 80 տոկոսի վրա կա ռուսական ազդեցություն, հետևաբար՝ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, իր անմիջական ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա»,- ասաց Թադևոսյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը հանգեցրեց նաև նրան, որ Ռուսաստանից արժույթային հոսքերը Հայաստան էապես կրճատվեցին, խոսքը տրանսֆերտների մասին է:

Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ Հայաստանի արժույթային շուկայում արժույթի առաջարկը էապես նվազում է, իսկ եթե չի փոփոխվում դրա պահանջարկը, բնականաբար՝ դրամը արժեզրկվում է: Իսկ Հայաստանում արժույթային քաղաքականությունը իրականացվել է այնպես, որ բավարար արժույթային պաշարներ չեն գոյանում, որ նման իրավիճակներում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը հանգեցնի իրավիճակի շտկմանը:
«Վերջերս նաև ակնհայտ դարձավ, որ մեր արժույթային պահեստների մի զգալի մասը վատնվել է, առաջիկայում սպասվում են է՛լ ավելի մեծ կորուստներ, մեր պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս Կենտրոնական բանկը պետք է կարողանա իր գլխավոր գործառույթը իրականացնել՝ հատկապես դրամի արժեզրկումը կանխելու առումով»,-շարունակում է նա:
Կենտրոնական բանկի երեկ տարածած հայտարարությունն առ այն, որ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը, տիկին Թադևոսյանը համարում է ուղղակի իրավիճակային, որով փորձում են մեղմել այն տրամադրությունները, որ կան բնակչության լայն հատվածի շրջանում:
«Կենտրոնական բանկի հավաստիացումները կարող են վերաբերել մինչև Նոր տարի ընկած ժամանակահատվածին՝ դեկտեմբերին, և ես վստահ եմ, որ ԿԲ-ն իր բոլոր արժույթային կուտակումները, պաշարները կօգտագործի մինչև հունվար, բայց հունվարից հետո, վստահաբար կարող եմ ասել, որ մեր ազգային դրամի կուրսը կհասնի 470-ի, և դա չափազանց ծանր կլինի մեր հանրապետության համար»,- նկատում է նա:
Անդրադառնալով գնաճին՝ Զոյա Թադևոսյանը համոզված է, որ գնաճը պարտադիր կլինի, որովհետև եթե դրամի կուրսը պահեն նույն մակարդակի վրա՝ ժողովրդի գրպանից հնարավորինս շատ գումար քաշելու նպատակով, անպայման գները բարձրացնելու են:
«Երբ ազգային արժույթը արժեզրկվում է, ներմուծվող ապրանքները թանկանում են, իսկ ազգային արտադրությունը էժանանում է: Իսկ մեզ մոտ կառավարելի շուկա է, ազատ շուկայական հարաբերություններ չկան, օլիգոպոլ է, և գները որոշում են մի քանի ներկրողներ, արտադրողներ, նրանք գալիս են ընդհանուր համաձայնության՝ գները այս կամ այն մակարդակի վրա ֆիքսելու համար, ուստի գները սահմանելու են հնարավորինս բարձր, որպեսզի իրենց եկամուտները շատ լինեն, դրանով փոխհատուցեն այն կորուստները, որ նրանք ունենալու են օտարերկյա արժույթը գնելու ժամանակ»,-նկատում է Թադևոսյանը:
Նրա կարծիքով՝ առաջ եկած խնդիրները հաղթահարելու համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:
«Երբ որ ամբոողջ տնտեսական օրգանիզմը տագնապային վիճակում է, արմատական, վիրահատական միջամտություն է անհրաժեշտ:
Հունվարին այս իշխանությունները պետք է ինքնակամ հրաժարական տան, որովհետև իրենց գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունենում»,- եզրափակում է Զոյա Թադևոսյանը:

Նախորդ հոդվածը‘2015 թ. հունվարի 1-ից Մոսկվայում միգրանտների աշխատանքի արտոնագրերը կթանկանան’
Հաջորդ հոդվածը‘Կանադայում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն ամերիկյան Ֆերգյուսոնի բնակչության’