‘ Զուրաբյանը ԱԺ-ում բարձրացրեց Ժիրայր Սեֆիլյանի և Շանթ Հարությունյանի հարցը’

1446

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հայտարարեց, որ անկախ նրանից, թե կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի և ևս 4 հոգու պահվածքը կամ մտահաղացումները ինչքանով մերժելի էին, սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարական ազատությունները ոչ ոք չեղյալ չի համարել:

«Քանի որ սա նաև խորհրդարանի պարտականությունն է հետևել մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ապահովմանը երկրում, ես կարծում եմ, որ դուք, որպես ԱԺ նախագահ, պետք է ամեն ինչ անեք, որ մենք չունենանք բանտում նստած մարդիկ, որոնք նստած են իրենց քաղաքական հայացքների համար, ինչքան էլ որ այդ հայացքները դուրեկան չլինեն», — ասաց խմբակցության ղեկավարը: Այդ կապակցությամբ Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հայաստանի համազեկուցողների հետ հանդիպումների ժամանակ: «Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ նման բիծ չլինի Հայաստանի վարկանիշի վրա: Սա վերաբերում է թե՛ Ժիրայր Սեֆիլյանի, թե՛ Շանթ Հարությունյանի խմբերին»,- ասաց Զուրաբյանը` առաջարկելով ԱԺ-ին և նրա նախագահին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, նաև իրավապահ մարմիններից ստանալ համապատասխան տեղեկություններ, որ ինչքան հնարավոր է շուտ ԱԺ նպաստի նրանց ազատ արձակմանը:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, ոչ միայն դուք, բոլորս էլ շատ մտահոգ ենք, բայց գնահատականներ չենք տալիս, որովհետև դրա համար կա համապատասխան լիազոր մարմին, և ես ինքս էլ հետամուտ եմ, ցանկանում եմ մանրամասներ իմանալ»: 

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովը լռության րոպեով հարգեց Նեպալի երկրաշաժի զոհերի հիշատակը ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Թամաշան ավարտվեց, եւ կրկին մնացինք մենքումերոնք ու սերժիկենք’