‘Խմբագրական. Թամաշան ավարտվեց, եւ կրկին մնացինք մենքումերոնք ու սերժիկենք’

2579

Մի քանի օր շարունակ մեծ աշխարհն իր ուշադրության մի որոշակի հատվածը սեւեռեց Հայաստանի կողմերը, մի քանի օր շարունակ ՀՀԿ ղեկավարը` «արեւմտյան արժեքներով» բեռնավորված, զարմանազան հարցազրույցներ տվեց զանազան լրատվամիջոցների` Հայաստանի ներկա իշխանության որդեգրած քաղաքականությանը, մեծամեծ հոխորտանքներին, Թուրքիայի դրոշն այրելու «արարողությունը» հեռուստատեսությամբ հպարտ ցուցադրությանը հակասող շատ առաջադիմական եւ խաղաղասիրական դատողություններով, աշխարհի տարբեր ծագերից Հայաստան ժամանած հյուրերը վերադարձան իրենց երկրները, եւ հիմա կրկին դեմ-դիմաց մնացինք մենքումերոնք եւ սերժիկենք:

Սերժիկենք` իրենց մի փութ մեղրով չուտվող ստով ու կեղծիքով, հայրենասիրական ճոռոմաբանությամբ անմոռուկապաճուճապատված` հանուն իրենց դղյակների ու ստամոքսների հղփացածներով, սեփական աթոռների պահպանման համար «պաշտելի» հայրենիքը մաս-մաս վաճառող չարչիներով, այդ աթոռների տերերի անհոգ կյանքի ապահովման համար Հայաստանի ցանկացած անմեղ քաղաքացու կողոպտելուն ու բանտերում փակելուն կազմուպատրաստ վարժեցրած պատժիչ ջոկատներով, լկտի ազատությամբ կյանքը վայելող մարդասպաններով ու ամեն գույնի, չափի ու ձեւի հանցագործներով:

Մենքումերոնք` մեր Մարտի 1-ի անմեղ զոհերի դահիճների ու կազմակերպիչների արդար դատաստանի սպասումով, Հայոց բանակից հերթական պատանու սպանության բոթը չլսելու սարսափից` չարթնանալու ցանկության գրեթե հերոսական հաղթահարմամբ, քաղաքական բանտարկյալների առկայության «բարձր ու հպարտ» գիտակցությամբ, եկեղեցիների կառուցման մոլագարությամբ տառապող մեղքերի մեջ թաղված մեծահարուստների «պայծառ համայնապատկերին»` հազարավոր չքավորների ու տնակներում անմարդկային պայմաններում գոյություն քարշ տվող կիսաքաղց մանուկների նկատմամբ հյուծող մեղքի զգացումով եւ կիսագրագետ, ամբարտավան, բութ ու շատակեր իշխանավորների բեսպրեդելի նկատմամբ մեր ապշեցուցիչ հանդուրժողականությամբ:

Վերջերս նախկին այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը հրատարակվեց: Հսկայածավալ ու շատ արժեքավոր գործ է արել հեղինակը: Գիրքն ընթերցելու ընթացքում շարունակ հիանում ու հպարտանում էի, որ նման խիզախ մարդիկ են եղել «չարիքի կայսրության» տարիներին, որոնք չեն ընկրկել, չեն վախեցել ու պայքարել են հանուն ազատության: Երբ ավարտեցի գրքի ընթերցումն ու գլուխս բարձրացրի, մեկ էլ հանկարծ հիշեցի, որ այսօր այդ ակնառու այլախոհներից ոմանք կա՛մ Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի անդամ են դարձել, կա՛մ ամենաեռանդուն պաշտպաններն են սրանց, կամ` տեսանելի ու գաղտնի հացկատակները:

Սիրտս կծկվեց, թեւաթափ եղա:

Հիմա` Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեծ թամաշայի ավարտից հետո նույն հոգեվիճակում եմ, եւ վստահ եմ` նույն տրամադրությունն է իշխում նաեւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության հոգիներում:

Հիմա մենք նման ենք ժանտախտի ժամանակ խրախճանքի ճոխ սեղանի խժռված մնացորդների առջեւ հայտնված շփոթահարների…

Մնաց` վերջապես ուշքի գանք ու գիտակցենք, որ սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու միակ ճշմարիտ ճանապարհը բանաստեղծ Գագիկ Կիլիկյանի ուղենշածն է. «Հիշում ենք եւ պահանջում Հայաստանի Հանրապետություն»:

Ավելի դիպուկ ու տարողունակ հնարավոր չէր ասել: 

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘ Զուրաբյանը ԱԺ-ում բարձրացրեց Ժիրայր Սեֆիլյանի և Շանթ Հարությունյանի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ադրիանա Սեւան-Նիքոլս. Ազատության բանալին ներողամտությունն է’