‘Զուրաբյանը առաջարկեց Ծառուկյանի և ԲՀԿ դեմ հակասահմանադրական հարձակումների հարցով հանձնաժողով ստեղծել ‘

1976

ԱԺ մեկնարկած նիստին Հայ ազգային կոնգրես խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Գալուստ Սահակյանին:

«Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ դուք, որպես ԱԺ նախագահ և ՀՀԿ թիմի անդամ, աջակցել եք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ որոշումներին, որոնք կիրառվել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սակայն վերանալով այդ արձանագրումից և դիտարկելով ձեզ որպես ԱԺ նախագահի դերում՝ համարում ենք, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակում ԱԺ-ն իր անհետաձգելի քննարկման հարց պետք է դարձներ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությամբ սանձազերծված ահաբեկչական գործողությունը: Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հարձակումները քաղաքական ազատությունների վրա և դրան հաջորդած բռնաճնշումները ԲՀԿ 500-ից ավելի անդամների նկատմամբ, այլ կերպ անվանել, քան գրոհ Սահմանադրության վրա՝ չի կարելի: 

Եթե դուք լինեիք դեմոկրատական երկրի ԱԺ նախագահ, պետք է անհետձգելի միջոցառումներ կիրառեիք, որ մենք կարողանայինք հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել՝ այս սահմանադրական ազատության դեմ ոտնձգությունների հեղինակի պատասխանատվության հարցը: Արդյո՞ք պատրաստվում եք որևէ նման բան անելու»,- հարցրեց Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը իր՝ խոսելու և որևէ միտք չարտահայտելու ոճի մեջ պատասխանեց. «Ձեզ դիտարկում եմ այնպես, ինչպես որ կաք և համաձայն չեմ ձեր մտքերի հետ՝ առավելևս ձախողված վրեժախնդրությունը (բառի արտասանությունը Սահակյանինն է-խմբ.) թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն»: 

Ի պատասխան՝ Զուրաբյանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց. «Քանի որ, ինչպես հետևեց ձեր պատասխանից, դուք չեք պատրաստվում համարժեք արձագանք կազմակերպել, ուրեմն միակ համարժեք արձագանքն այն է, որ մենք կոչ ենք անում ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում՝ մարտի մեկին»:

Նշենք, որ ԱԺ նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է այս քառօրյան, ինչից հետո հանրությանը կներկայացնի իր մոտեցումները, հանդես կգա հստակ պարզաբանումներով:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսը հանդես կգա «Էնֆիլդ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’