‘Զուրաբյան. Դա հանցագործություն է, որի համար երբեւէ պատասխանատվություն կրելու եք. Տեսանյութ’

1157

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ կառավարությանը «Որոտանի ՀԷԿ-երի» համակարգի վաճառքի վերաբերյալ :

Նա նշեց, որ համաձայն Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի պետական գույքը, բացառությամբ շարժական գույքի, ենթակա է մասնավորեցման եւ օտարման միայն ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով՝ մասնավորեցման ծրագրում ընդգրկվելոց հետո: «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին օրենքով «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգ ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից, որից հետո մասնավորեցման ծրագրում չի ընդգրկվել: 2014 թվականի հունվարի 29-ին կառավարությունը կնքել է «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի գույքի առքուվաճառքի պայմանագիր: Ի՞նչ իրավունքով է կառավարությունը օտարել պետական գույքը: Երկրորդ հարցը՝ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գնորդը գնել է 180 մլն դոլարով:  Կարո՞ղ եք ասել, արդյո՞ք այդ գումարը մուտք է գործելու պետական բյուջե, եւ եթե այո, ապա ինչո՞ւ բյուջեի եկամուտների եւ ենթադրելի հնարավոր ծախսերի փոփոխությունը չի ներկայացվում ԱԺ-ի հավանությանը: Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա խնդրում եմ նշել բոլոր այն պետական մարմինների, ընկերությունների, ձեռնարկությունների, անհատների անունները, ում հաշվին կփոխանցվի այդ գումարը»,- հարցրեց Զուրաբյանը:

Ի պատասխան Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախ հայտարարեց, թե կառավարությունը ոչինչ չի վաճառել: «Չի կարող պետությունը միաժամանակ եւ նույն գույքի հետ կապված բաժնետոմս ունենալ եւ գույք, գույքը վաճառել է ՓԲԸ-ն, դրա իրավունքը ուներ, այս պարագյում, որեւէ բաժնետոմս չի վաճառվել, բաժնետոմսերը մնացել են, եւ ՀԷԿ-ի տնօրինության տակ դեռ կան մի շարք գույքեր: Իսկ գումարը փոխանցվելու է «Որոտան» ՓԲԸ-ի հաշվեհամարին»,- հայտարարեց Թովմասյանը՝ հակասելով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ով նշել էր, որ գույքը վաճառել է կառավարությունը:

Ի պատասխան Թովմասյանի այս հայտարարության՝ Զուրաբյանը հակադարձեց. «Այն, ինչ դուք արեցիք, լիակատար դեմագոգիա է, որովհետեւ օրենքում չի գրված, թե խոսքը գնում է գույքի մասին, որ տնօրինում է կառավարությո՞ւնը, թե՞ պետական ձռնարկությունը: Օրենքում հստակ գրված է՝ պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգը: Անգամ եթե դուք որպես իրավաբան այդ տեքստը չեք ընկալում, ուրեմն, գոնե զուտ բովանդակային առումով հասկացեք, որ եթե հնարավոր լիներ ձեր ասած մեկնաբանությունը օրենքի, ապա դա կնշանակեր, որ ով ինչ ուզեր կաներ, ցանկացած գույք հնարավոր կլիներ առանց օրենքների պահպանման, առանց ԱԺ հավանության վաճառել: Դա իսկապես այն է, ինչ անում եք, բայց դա հանցագործություն է, որի համար երբեւէ պատասխանատվություն կրելու եք»:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. ՏՄՊՊՀ-ն առաջարկում է քաղցկեղը բուժել «պարացետամոլի» միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Իսկ ի՞նչ եղավ հերոինը, եւ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ԱԱԾ պետի առաջին տեղակալը’