‘Զուրաբյան. ԸՕ փոփոխությունները սահմանադրական փաթեթի մեջ ներառելն անթույլատրելի է’

1121

Ազգային ժողովը քննարկում  է «Հանրաքվեների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) ուշադրությունը հրավիրեց երկու հարցի վրա: Նախ, նա նշեց, որ հանրաքվեների ժամանակ, ինչպես ընտրությունների համար է սահմանված, հանրային հեռուստատեսությամբ քարոզչություն անելու հավասար հնարավորություններ չկան:

«Օրինակ, Ընտրական օրենսգրիքը դա կարգավորում է՝ բոլոր թեկնածուները հավասար ժամանակ են ունենում քարոզչության համար: Հիմա, ինչ-որ իմաստով հանրաքվեի թեկնածուները «այո»-ն եւ «ոչ»-ն են, եւ նրանց միջեւ պետք է ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի այդ տեսակետների կրողները կարողանան ներկայացնել դրանք հեռուստատեսությամբ», — նշեց Զուրաբյանը՝ մեջբերելով զարգացած ժողովրդավարական երկրների օրինակը: Մինչդեռ, նրա խոսքով, ներկայացված օրինագծում այս հնարավարությունը ներառված չէ:

Լեւոն Զուրաբյանը նկատեց նաեւ, որ ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության են եկել ընտրական օրենսգրքում քվեարկողների ցուցակների հրապարակման, ընտրողների ռեգիստրի մաքրման, տեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման հարցերը ապագա Ընտրական օրենսգրքում ներառելու խնդրում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչու՞ Հանրաքվեի մասին օրենքի հեղինակները այս դրույթները չեն ներառել նախագծում:  

Արծվիկ Մինասյանն ի պատասխան նշեց, որ Զուրաբյանի դիտարկումները, քարոզչության հավասարության հետ կապված՝ ընդունելի են եւ կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցումների միջակայքում: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա, ըստ Մինասյանի, դրանք պետք է կարգավորվեն սահմանադրական նորմերով՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Լեւոն Զուրաբյանն իր հերթին նկատեց, որ Ընտրական օրենսգրքի անհրաժեշտ փոփոխությունները սահմանադրական փաթեթի մեջ ներառելը անընդունելի մոտեցում է:

«Նման կերպ վարվելով՝ դուք իշխանությանը հնարավորություն եք տալիս այդ դրույթներն ընդունելը դարձնել քաղաքական «բազարի» մի մաս: Իրենք կարող են ասել՝ մենք այդ դրույթները կընդունենք, եթե դուք ընդունեք սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Իսկ եթե ես ոչ եմ ասում այս սահմանադրությանը, բայց կողմ եմ, որ համամասնականին անցում կատարվի՞: Եթե դուք այդ դրույթները մտցնում եք մի փաթեթի մեջ, դուք մեզ շատ անհարմար վիճակի մեջ եք դնում, որովհետեւ ստացվում է, որ մերժելով սահմանադրական փոփոխությունները՝ մենք կմերժենք նաեւ ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք մեզ համար շատ կարեւոր են», — ասաց Զուրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սմբատյանը՝ Գերմանիայում ՀՀ դեսպան’