‘Զուրաբյան. Իմպորտ-էքսպորտ հաշվեկշիռը ստիպում է մտածել տնտեսության մոդելը փոխելու մասին’

1197

Ազգային Ժողովում շարունակվում է 2014-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացումը: Տնտեսական ոլորտում բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, նկատեց, որ ներկրման ծավալները, հակառակ վերջին տարիների միտմանը, սկսել են գերազանցել արտահանմանը:

«2014-ի էքսպորտը՝ $1 մլրդ 665 մլն, ներմուծումը՝ $3 մլրդ 734 մլն: Մոտ 2 մլրդի դեֆիցիտ կա, որը պետք է փակվի: Արտաքին ֆինանսավորում կարծես չունենք, եւ դեֆիցիտը հիմնականում փակվում է տրանսֆերտների հաշվին: Բայց ռուբլու արժեզրկման պատճառով տրանսֆերտների ծավալը նվազել է: Եթե տարիներ շարունակ այս դեֆիցիտը կա, ինչ-որ բան չպե՞տք է մտածեք արմատապես վերափոխելու տնտեսության այս մոդելը, թե՞ կարծում եք այսպես կարելի է շարունակել տասնյակ տարիներ», — հարցրեց Զուրաբյանը:  

Ջանջուղազյանն, ի պատասխան, նշեց, որ արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպին: «Սա կբերի մի իրավիճակի, երբ մենք այլեւս չենք ունենա դեֆիցիտ: Դա գործընթաց է: Երբ կհասնենք մեր իդեալին, չգիտենք», — նշեց նա:

Պատասխանը, սակայն, չգոհացրեց Զուրաբյանին: Նա նկատեց, որ արտաքին ուղիղ ներդրումների ոլորտում, իր խոսքով, կատաստրոֆիկ անկում է գրանցվել:

«Դուք համարում եք, որ իրավիճակը շտկվո՞ւմ է, որ զարգացման միտո՞ւմ կա: Ես դա չեմ տեսնում, պարազիտ տնտեսություն է»,- ասաց պատգամավորը:

Կառավարության ներկայացուցչին «օգնության եկավ» ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ «Դուք չեք տեսնում, մենք տեսնում ենք, պարոն Զուրաբյան»: 

 

Նախորդ հոդվածը‘Աչքներս լույս, երկու «վեհափառ» ունենք»․ Ժողովուրդ’
Հաջորդ հոդվածը‘Շրյոդերը G7 գագաթնաժողովին Պուտինին չհրավիրելը սխալ է համարում’