‘Շրյոդերը G7 գագաթնաժողովին Պուտինին չհրավիրելը սխալ է համարում’

892

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին չհրավիրելու  որոշումը սխալ է անվանել: Այս մասին հաղորդում է Rheinische Post թերթը:

Շրյոդերը նշել է ՌԴ-ի հետ համագործակցության կարեւորությունը: «Ռուսաստանը Եվրոպայի այլընտրանք ունի: Հակառակ կարգով դա չի նկատվում»,- «Շտենդեհաուս» գեղարվեստական թանգարանում կայացած կլոր սեղանի ժամանակ ասել է նախկին կանցլերը:

Շրյոդերի խոսքով՝ ուկրաինական հարցում երկու կողմերն էլ մեծ սխալներ են թույլ տվել: Սակայն հակասությունների առկայության պարագայում դրանք հարկավոր է քննարկել, եւ դա հնարավոր էր անել առաջիկա գագաթնաժողովում:

71-ամյա քաղաքական գործիչը նաեւ տեղեկացրել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Պուտինի հետ եւ շփվում է նրա հետ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ G8 ձեւաչափին վերադառնալն անհնար է այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանը «չհետեւի հիմնական ժողովրդավարական արժեքներին»:

«Մեծ ութնյակի» ձեւաչափը դադարեցրել է իր գոյությունը 2014թ. մարտին՝ Ռուսաստանին խմբից հանելուց հետո: 

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի մասնակցությամբ G7 գագաթնաժողովը կկայանա Բավարիայում հունիսի 7-8-ը: Հանդիպմանը նախատեսված է քննարկել իրավիճակը Ուկրաինայում, «Իսլամական պետության» գրոհայինների դիմակայության հարցը եւ պայքարը Էբոլա վիրուսի դեմ:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Իմպորտ-էքսպորտ հաշվեկշիռը ստիպում է մտածել տնտեսության մոդելը փոխելու մասին’
Հաջորդ հոդվածը‘«Որոտանի» վաճառքի պայմանագիրը կստորագրվի մոտակա երկու օրերի ընթացքում’