‘Զուրաբյան. Կամ այս հարցի պատասխանը կփնտրենք ԱԺ-ում, կամ՝ փողոցում. Տեսանյութ’

1242

Աժ-ում շարունակվում են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումները: Ներկայացնելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկողները ոչ ռոբեսպիերներ են, ոչ դանտոններ, եւ ոչ էլ իրենց նպատակը արյուն թափելն ու գլուխներ կտրելն է: «Մեր ուզածը ընդամենը ճշմարտությունը հասկանալն է: Ո՞ր հարցերում.

Նախ՝ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդը աշխարհի ամենաթանկ գինն է վճարում այդ գազի համար: Մարդիկ շոկի մեջ են, անկեղծ ասած՝ ես ինքս էլ էի շոկի մեջ, երբ ստացա իմ գազի հաշիվները: Բայց այդ շոկն ավելի է խորանում, երբ մարդկանց պարզ է դառնում, որ այս խնդիրը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ պատճառով, այլ՝ իշխանությունների ոչ կոմպետենտ կոռուպցիոն բնույթով, ՀՀ Սահմանադրության, օրենքների ու հրապարակայանության տարրական նորմերի խախտմամբ: Այդ հանձնժողովից սպասում ենք այս հարցերի պատասխանները.

1՝Ինչպե՞ս է ձեւավորվում գազի գնագոյացումը՝ ՀՀ սահմանից մինչեւ սպառողներին հասնելը:

2՝ ՀայՌուսԳազԱրդի պետական 20 տոկոս բաժնեմասի վաճառքից հետո, հաշվի առնելով, որ գազը ընկերությունը վաճառում է իր իսկ դուստր ձեռնարկությանը, ինչպե՞ս են պաշտպանվելու սպառողների շահերը:

3՝Ինչպե՞ս է հնարավոր անկախ վերահսկողություն սահմանել գազի կալորիականության նկատմամբ: Այսօր այդ չափումները կատարում են շահագրգիռ մարմինները: Պետք է լինեն անկախ մարմիններ:

4՝Ինչպե՞ս ապահովագրել ՀՀ քաղաքացիներին այս հարցում կոռուպցիոն գործարքների կնքումից:

Բայց կան հարցեր, որոնց պատասխանները արդեն ունենք, եւ այդ հանձնաժողովը կարող է միակ գործիքը լինել՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար»,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, եթե կառավարությունը ունի որեւէ բացատրություն, ապա թող ներկայանա եւ պատասխան տա հանրությանը, ու եթե հնարավոր է՝ ապացուցի իր իրավացիությունը:

Ըստ Զուրաբյանի՝ եթե այդ խախտումների հետ կապված պատասխաններ չեն ստացվում, ապա առաջանում են կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր հիմքերը:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ ըստ պետական պարտքի մասին օրենքի՝ պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, կանխատեսելիության ու հրապարակայնության սկզբունքներով, մինչեռ 2011-13 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը թաքցրել է Ռուսաստանից Հայաստան գազի առաքման իրական գինը եւ դրա արդյունքում շուրջ 300 մլն դոլար պետական պարտք է կուտակել՝ խախտելով այդ օրենքը: Նա նաեւ նշեց, որ կառավարությունն արհամարհել է Բյուջեում պետական պարտքի արտացոլման պահանջն ու ԱԺ-ի՝ Սահմանադրությամբ ամրագրված վերահսկողական ֆունկցիան: «Ստեղծվել են լրջագույն սպառնալիքներ պետական պարտքի ռիսկերի առումով. փաստորեն, այդ ռիսկերի կառավարման անհնարինություն է ստեղծվել: Պետական պարտքի մասին օրենքով՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Եթե մենք չպիտի խախտենք այդ ուղենիշները, ինչպե՞ս կարող ենք կատարել այդ օրենքի պահանջները, եթե չգիտենք՝ ինչքան պարտք ունենք կուտակած»,- նշեց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ տեղի է ունեցել պետական սեփականության ապօրինի մասնավորեցում, որի ընթացքում խախտվել են բազմաթիվ օրենքներ:

Նա նշեց, որ Պետական սեփականության մասնավորեցման մասին օրենքը խախտվել է. օրենքը մասնավորեցման հստակ գործընթաց է սահմանում: Նրա խոսքով, մասնավորեցումը պետք է արվեր հատուկ ԱԺ-ին ներկայացված ծրագրով, իսկ մինչ այդ ԱԺ-ն պետք է քննարկեր եւ ընդուներ ծրագիրը: Կառավարությունն այս օրենքով պետք է նաեւ ընդուներ մասնավորեցման ծրագրի եւ դրանում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր եւ ներկայացներ դրանք ԱԺ-ին: «Այսպիսով, գերազանցելով մասնավորեցման մասին օրենքով իրեն տրված լիազորությունները՝ կառավարությունը 2013-ի դեկտեմբերին կնքել է 20 տոկոս բաժնեմասի առքուվաճառքի մասին պայմանագիր: Կատարվածը աղաղակող հանցագործություն է, գանձագողություն եւ թալան: Եւ հարցը պարզ է՝ եթե կառավարությունը եւ իշխող մեծամասնությունը պատրաստ են շիտակ խոսակցության ժողովորդի հետ, եթե ունեն բոլոր հարցերի պատասխանները եւ պատրաստ են ապօրինության համար պատասխանատվության կանչել կառավարությանը՝ կարող եք, ուրեմն, հեշտությամբ համաձայնել այդ հանձաժողովը ստեղծելու գաղափարին, եւ բոլորս միասին ժողովրդին ցույց կտանք, որ պատրաստ ենք բաց ու հրապարակային քննարկել այդ խնդիրը: Մենք համաձայն ենք, արեք ձեր կոնտր առաջարկը, եթե կա»,- նշեց Զուրաբյանը՝ վերջում հավելելով. «Կամ այս հարցի պատասխանը կփնտրենք ԱԺ-ում, կամ պետք է հասկանաք, որ այս հարցերի պատասխանները ստանալու համար ժողովուրդը ստիպված է լինելու դուրս գալ փողոց եւ այդ պատասխանները փնտրել փողոցում»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ժամանակն է, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մտահոգ ուժերը կոնկրետ քայլեր ձեռնարկեն (տեսանյութ)’