‘Զուրաբյան. հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին (տեսանյութ)’

1955

«Եթե չլինի լայն հասարակական համախմբում, չենք կարողանա այս բանդիտներին վռնդել»,- այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ասվածը միայն քաղաքական ուժերի խնդիրը չէ, «սա բոլոր քաղաքացիների արժանապատվության հարցն է, եւ այդ խնդրի լուծումը համախմբան մեջ է. բոլոր այն ուժերը որ կարող են միավորվել այս խնդրի շուրջ, պետք է դա անեն»:

Զուրաբյանն ասել է, որ այսօր Հայաստանում երկու ուժ կա, որոնք կարող են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, դա Հայ ազգային Կոնգրեսն է եւ ԲՀԿ-ն:
Զուրաբյանը նշել է, որ Կոնգրեսը 5 տարի պայքար է մղում, եւ, ըստ էության, երկրի քաղաքացիական հասարակությունը, մտավորականությունը, իրենց իրավունքների համար պայքարողների հավաքականությունը գտնվում է Կոնգրեսի ազդեցության ներքո: «Բայց պետք է ընդունենք նաեւ, որ 4-5 տարվա մեջ փոփոխություններ եղել են, եւ սոցիալական ընդվզման զանգվածը ինչ-որ չափով բաժանվել է ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի միջեւ»,- նշել է Զուրաբյանը:
Նրա խոսքով, միգուցե սկզբնական շրջանում դա խրախուսվել է իշխանությունների կողմից, ովքեր մտածել են, որ այդ հոսքը դեպի կոալիցիայի անդամ կուսակցություն կթուլացնի ընդդիմությանը: Բայց այսօր, նշել է Զուրաբյանը, արձանագրում ենք մի իրողություն, որ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես իշխանություններն են ցանկանում, եւ ԲՀԿ-ն, գուցե տատանվելով, բայց գնում է իշխանությանը ինչ-որ մարտահրավեր նետելու ճանապարհով, գնալով ինքնուրույնանում է եւ կարող է դառնալ անգամ դաշնակից ընդդիմության համար:
Զուրաբյանը նշել է նաեւ, որ իշխանությունները առանձին վերցրած ոչ Կոնգրեսից են վախենում, ոչ` ԲՀԿ-ից. Կոնգրեսն, ըստ նրա, այսօր նույն ֆորմայում չէ, ինչ 2008-ին, կամ` 2009-ին: Իշխանությունները, Զուրաբյանի խոսքով, նաեւ հասկանում են, որ եթե չկա փողոցային շարժումը, ապա կարող են ադմինիստրատիվ լծակներով չեզոքացնել ԲՀԿ-ին: «Բայց երբ կան այս երկու ուժերը, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանձ»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ «միշիկական պրոպոգանդան ամեն ինչ անում է, որ այս երկու ուժերի միջեւ անվստահություն սերմանի»:

Զուրաբյանը նաեւ հավելել է, որ Սերժ Սարգսյանն ունի երկու առանցքային ծրագիր`«քիչ թե շատ լեգիտիմ միջոցներով ընտրվել 2013-ի նախագահական ընտրություններում, իսկ 2018-ին անել այնպես, որ ասենք` Միշիկի դեմ որեւէ ծանրակշիռ թեկնածու չլինի»: «Հենց այս պատճառով է, որ 2013-ի ընտրությունները կարող են դառնալ կենաց մահու պայքար եւ Կոնգրեսի գործը պետք է լինի օգտագործել այդ պահը: Եւ տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- հայտարարել է Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի օդանավում անսարքություններ չեն հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն նորից ցնցել է մարզաշխարհը իր արտառոց մտքերով’