‘Զուրաբյան. Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա ճնշումներով (Տեսանյութ)’

988

Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն է կազմում ՓՄՁ-ների եւ խոշոր բիզնեսի շրջանակում առկա ստվերի տոկոսային համամասնությունը: Նա հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաթղթավորման գործընթացի հետաձգումը մինչեւ հուլիսի 5-ը: «Արդյո՞ք հետաձգման նպատակը ՓՄՁ-ներին ստվերից հանելն է, թե՞ ՓՄՁ-ների փաստաթղթավորման գործիքը օգտագործելով՝ խոշորին ստվերից հանելը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ խոշորին ստվերից հանելու համար կան այլ մեխանիզմներ, որոնք պահանջում են քաղաքական կամք:

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանը նշեց, թե հիմնական ստվերը գտնվում է խոշոր բիզնեսի շրջանակում, իսկ այս օրենքի նպատակը խոշոր բիզնեսին ստվերից հանելն է: «Մենք պետք է հասկանանք, թե խոշոր բիզնեսը ինչպես է իրացնում իր ապրանքը: Մենք նույնպես ցանկանում ենք, որ ՓՄՁ-ները հանգիստ աշխատեն. նրանք ուղղակի հստակ պետք է ցույց տան իրենց առեւտուրը, իսկ եթե այդքան լավ են հասկանում, ուրեմն թող իրենց իսկ դեղատոմսը առաջարկեն»,- պնդեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ գործընթացի հետաձգման նպատակը հստակ մեխանիզմի ձեւավորումն է: «Մենք նրանց ասում ենք՝ ֆիքսեք, որ խոշոր բիզնեսի բերած ապրանքները իմանանք»,- ասաց նա:

Արձագանքելով Վարդան Այվազյանի այս պատասխանին՝ Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ խոշոր բիզնեսների համար հստակ օրենքների առկայության եւ քաղաքական կամք դրսեւորելու պարագայում ընդհանրապես կարիք չէր լինի ՓՄՁ-ների հետեւից ընկնելու: «Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա ճնշումներով»,- հայտարարեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Խոշորները պետք են գալու ընտրություններ կեղծելու համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունն աստիճանաբար նվազում է’