‘«Զվարթնոց» օդանավակայանի գմբեթավոր շենքի քանդման հարցը կրկին օրակարգում է’

1029

«Զվարթնոց» օդանավակայանի հին, գմբեթավոր շենքը քանդելու հարցը Հանրային խորհրդի օրակարգում է, PanARMENIAN.Net ին հայտնել է Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը:

Նա տեղեկացրել է, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է Հանրային խորհրդին՝ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդրանքով: «Նա հիմնավորեց դա նրանով, որ ՀՀ կառավարությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են զարգացման ծրագիրը և չի բացառվում, որ հին շենքը քանդվի»,- ասել է Գասպարյանը:

Միաժամանակ Անի Գասպարյանը նշել է, որ ՀԽ-ն հարցն արդեն քննարկել է ենթահանձնաժողովներում ու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփիչ քննարկումը կկայանա սեպտեմբերի 27-ին: Քննարկման արդյունքում էլ հարցը կլուծվի:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

2011 թվականին բացվել է օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է ակտիվիստների գործով’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման հարցով հանձնաժողով է ստեղծել’