‘«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կարող են կրկին ընդգրկել պետական հուշարձանների շարքում’

1077

Հոկտեմբերի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի հարցը քննարկվեց Հայաստանի Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում:

Հիշեցնենք, որ «Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ այդ շենքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար: «Մենք պատրաստ են «Զվարնոց» օդանավակայանի արդիականացմանը, բայց մտադիր չենք ժամանակ և գումար ծախսել հին շենքի պահպանմանը, որը չի համապատասխանում աէրոնավիգացիայի ժամանակակից պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նիստում հայտարարել է օդանավակայանի հին շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը, շենքը հանդիսանում է պետության սեփականությունը, և ընկերությունը, որին կոնցեսիոն կառավարման է փոխանցվել «Զվարթնոցը», իրավունք չունի որոշում ընդունել այն քանդելու մասին: Նրա խոսքերով, շինությունը լիովին կարող է սպասարկել տարածաշրջանային չվերթները, այդ թվում նաև Ղարաբաղի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքների ուղղություններով:

Նա քննադատել է նաև կոնցեսիոն կառավարչի հայտարարությունն այն մասին, որ շենքը վտանգ է ներկայացնում, քանի որ ինչպես Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները (ԱԷԿ-ը, մի շարք ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունելը), այն նույնպես կառուցվել է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժին:

Այս կապակցությամբ նա հայտարարել է նախաձեռնող խումբ ստեղծելու իր պատրաստակամության մասին, որը կդիմի ՀՀ կառավարությանը, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի համար գտնել նոր վարձակալի:

Իր կողմից, ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին դիմելու առաջարկով, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի շենքը վերադարձնել պետական հուշարձանների ցանկ: Նրա խոսքերով, շենքն այդ ցուցակում է եղել մինչև 2001 թվականը: Պողոսյանը նշել է, որ, որպես փորձագիտական խմբի անդամ, ինքը վստահ է, որ նման որոշում կընդունվի, և շինությունը կգտնվի պետության պահպանման ներքո: Պողոսյանի առաջարկը ենթահանձնաժողովի անդամներն ընդունել են միաձայն:

Հիշեցնենք, որ «Զվարնոց» օդանավակայանի շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա. Մեսչյանի  և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով, և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Տրիպոլիում անհայտ անձինք առևանգել են Լիբիայի վարչապետին’