‘Զ.Թադեւոսյան. Իշխանությունների ախմախության ֆոնին քաղաքական լուրջ պրոցեսներն անխուսափելի են’

3118

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը

Տիկին Թադեւոսյան, Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում անդրադարձավ ՀՀ տնտեսական վիճակին եւ իր` 7 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ հանձնարարականը կառավարության կողմից չկատարելը մեկնաբանեց արտաքին գործոններով. «Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումն ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանըբոլոր տեղերում` կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է»: Որքանո՞վ է այս տեսակետն արդարացված ու հիմնավոր:

-Երբեք հակված չեմ սեփական անգործությունն ու մեղքերը մեզանից դուրս պատճառներով հիմնավորելուն, տնտեսությունը կոլապսի հասցնողներին չարակամորեն հովանավորելուն, առավել ևս, որ արտաքին գործոնների ազդեցության  մասին գնահատականը հիմնավոր չէ։ Այս պարագայում հիմնավոր և օբյեկտիվ գնահատականներ ակնկալելն առնվազն մանկամտություն կլիներ, ուստի Սերժ Սարգսյանի հարցուպատասխանում արտահայտված «ցողունապատված» մտքերն անակնկալ չէին։ Ամեն դեպքում վիճակագրությունն ավելի խոսուն է։ Նախ` պարզաբանում։ Համաշխարհային ՀՆԱ-ն գոյանում է առանձին երկրների ՀՆԱ-ների միագումարից, ուստի, թե այն աճի ինչպիսի տեմպեր կունենա, կախված է այդ առանձին երկրների զարգացման տեմպերից։ Այլ խոսքով` համաշխարհային ՀՆԱ-ն ֆունկցիա է երկրների ՀՆԱ-ից և ոչ թե` հակառակը։  Համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը երբեք չեն գերազանցել 5-6 % մակարդակը։ Դա` լավագույն դեպքում, իսկ միջին մակարդակը եղել է 2-3%: Ընդ որում, այդ պատկերը բնորոշ է նաև զարգացած երկրներին։ Իսկ զարգացող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Չինաստանը,  Հնդկաստանը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, 2012 թ.-ին ունեցել են 6,2-7,8% տնտեսական աճ։ Ինչո՞ւ. քանի որ զարգացող երկրները տնօրինում են չօգտագործված հսկայական տնտեսական ռեսուրսների, որոնց արդյունավետ օգտագործումը տալիս է համապատասխան արդյունք։ Մեկ այլ վիճակագրություն էլ կարող ենք բերել։ ՀՀ հիմնական առևտրային գործընկեր երկրներն են Ռուսաստանը և Եվրամիության երկրները։ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցումը, իսկ  Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ֆինլանդիայում տնտեսական անկումը չեն խանգարել , որ 2012 թ.-ին, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի շատ ապրանքներ ներկրվեն Հայաստան։ Այսինքն, մեր երկրից, միևնույնն է, արժույթը հոսում է այլ երկրներ, դառնում այդ երկրների համար ներդրումային միջոց, այն դեպքում, երբ մենք ինքներս ունենք կապիտալ ռեսուրսների հսկայական կարիք: Կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի հուշարարները չեն հրաժարվում փնթի աճպարարությունից և իրենց  շեֆին դնում են անհարմար վիճակի մեջ։

-Սերժ Սարգսյանը, սակայն, նույն ելույթում հայտարարել է. «Վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով»: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Կայուն տնտեսական աճ ասելով պետք է հասկանալ յուրաքանչյուր տարի` նախորդի համեմատությամբ ավելի մեծ տնտեսական աճ: Բերեմ վերջին 6 տարիների տնտեսական աճի տեմպերի մասին պաշտոնական վիճակագրության տվյալները. 2008թ.` 6.8% (այստեղից սկսվում է սարգսյանների իշխանությունը), 2009թ.` -14.1%, Հայաստանը տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ սահմանեց, 2010թ.`2.2%, 2011թ.`4.7, 2012թ.` 7.2% և 2013թ.` 3.5%: Սա անկայուն տնտեսական աճին ավելի մոտ պատկեր չէ՞: Կայուն տնտեսական աճը նաև նյութական է, շոշափելի, տեսանելի. բնակչության բարեկեցությունը, սոցիալական ապահովությունն ունեն բարձր մակարդակ, կայուն տնտեսական աճի պարագայում հուսահատությունն ու բարոյալքումը հասարակության մեջ տեղ չունեն: Ես կհավատամ տնտեսական աճի այն կայունությանը, երբ միգրանտը երկիրը կլքի սոսկ զբոսաշրջության, հանգստի, աշխատանքային գործուղման նպատակով: Արտագնա աշխատանքային մշտական միգրացիայի, մեր երկիրը հուսահատ ու անվերադարձ լքողների, մարդկային կապիտալի հսկայական արտահոսքի պայմաններում թվերի մանիպուլյացիան վիրավորական է և ամոթ:

-Կարելի՞ է ենթադրել, որ Ս. Սարգսյանն այսպես հասկացրեց` ինքն, այնուամենայնիվ, պաշտոնանկ չի անի վարչապետին ու չի ցրի կառավարությունը, չնայած մեկ տարի առաջ ասել էր` 7 տոկոս աճ չապահովելու դեպքում կառավարությունը պիտի հրաժարական տա:

-Չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը որևէ մեկ մասնավոր կամ ընդհանուր-նախընտրական խոստում կատարած լինի: Այս անգամ ևս կաշխատի սովորության ուժը:  Այո, կարելի է ենթադրել: Նա ոչ թե հասկացրեց, այլ ուղիղ գովաբանեց և´ վարչապետին, և´ նրա գլխավորած կառավարությունը: Դրա համար կան ժողովուրդ և համաժողովրդական շարժում:

-Եթե Ս. Սարգսյանը  2013թ. իր հայտնի հայտարարություններից հետո վարչապետին պաշտոնանկ չանի ու չցրի կառավարությունը, ապա այդ իրավիճակին ի՞նչ անուն կտաք:

-Ս. Սարգսյանն իր հայտարարությունից հրաժարվելու հող արդեն նախապատրաստել է, որևէ հույս այդ առնչությամբ չունեմ: Իրավիճակի անունն է` շունը շան թաթ չի կծի:

-Տիկին Թադեւոսյան, Ս. Սարգսյանը խոստովանեց, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, այնուամենայնիվ, նա պնդել է, որ այդ համակարգը ներդրվելու է: Կխնդրեի ձեր տեսակետն արտահայտեիք` ի՞նչ է սա նշանակում:

-Սարգսյանը դարձյալ բերում է թվային ոչ ճիշտ տվյալներ: 99.9 տոկոսն է դեմ կուտակային կենսաթոշակային համակարգին, կողմ է 0.01 տոկոսը: Ու արդեն Սահմանադրական դատարանին մեսիջ ուղարկվեց, այնպես որ շուտով կտեսնենք, որ 0.01> 99.9-ից: Կհաղթի գերփոքրամասնությունը, քանի որ հայ ժողովուրդն ամենօրյա տառապանքի, դեգերումների գնով իր գլխի վրա պահում է այդ գերփոքրամասնությանը: Նրանք կերան մեր կարճ փողերը, հիմա էլ ունեն երկար փողերի անզուսպ ախորժակ, դրա համար հնարել են հակասահմանադրական օրենք, օրենքի ուժով գրպանելու են երիտասարդների ապագան: Ապօրինի ոչ մի համակարգ էլ չի ներդրվի, եթե մենք թույլ չտանք: Դա նշանակում է, որ 0.01 տոկոսը ձեռնոց է նետում հասարակությանը: Է՛, վերցնենք այդ ձեռնոցը…

-Ի դեպ, Ս. Սարգսյանն անուղղակի խոստովանել է, որ քաղաքական դաշտում ինքը մնացել է մենակ. խորհրդարանական չորս ուժերը, արտախորհրդարանական կուսակցությունները, տասնյակ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ  «առավոտից մինչեւ կեսգիշեր» ցեխ են շպրտում նրա վրա: Ինչո՞ւ եք ցեխ շպրտում նրա վրա:

-Բա ախք-ին ինչո՞ւ է ուրանում, նա իր կողքին չէ՞: Ինձ նրա մենակ մնալն ամենևին չի հետաքրքրում, ինձ համար կարևորը հասարակության լայնամասշտաբ կոնսոլիդացիան է, անկախ քաղաքական հայացքներից և նախապատվություններից, կուսակցական պատկանելությունից ու սկզբունքներից: Միավորվենք և պայքարենք ազգակործան իշխանությունների դեմ` հանուն Հայաստանի Հանրապետության: Ինչ վերաբերում է ցեխ շպրտելուն, ապա եթե օբյեկտիվ, անաչառ, փաստարկված և հիմնավորված քննադատությունը ցեխ շպրտել է, այդ դեպքում Ս. Սարգսյանը պարտավոր է պատժել սաքուլիկ-հայկուլիկանման, երիտթուրքական ամբիցիաներ ունեցող անձնական կոմերիտականներին, ովքեր պարզապես նրան վարկաբեկում են ու խայտառակում…

-Եվ վերջապես, խոսենք մարտի 1-ի հանրահավաքի մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանրահավաքից:

-Մարտի 1-ն ինձ համար Խղճի օր է: Մարտի 1 չէր լինի, եթե 21-րդ դարի երկրի ղեկավար ունենար այդ Խիղճը` Աստծո, ժողովրդի և ինքն իր առջև: Չուներ, և եղավ արունահեղություն, բռնաճնշվեց արդարությունը: Ակնկալում եմ, որ դա հասկանում են եթե ոչ բոլորը, ապա շատերը: Մարտի 1-ին, ժամը 15:00-ին նրանք կգան Ազատության հրապարակ` գլուխ խոնարհելու անմեղ զոհերի հիշատակի առջև, կգան, քանի որ երջանիկ պատահականությամբ` այդ 10-ից մեկը ես չեմ, դու չես, նա չէ, այլ` Տիգրանն է, Գոռը, Համլետը, Դավիթը, Զաքարը, Արամը, Գրիգորը, Հովհաննեսը…

-Արդյո՞ք այս հանրահավաքը քաղաքական լուրջ պրոցեսների սկիզբ կլինի:

-Հույսս չեմ կորցնում. սա չլինի` հաջորդը կլինի: Այս իշխանությունների ախմախության ֆոնին քաղաքական լուրջ պրոցեսներն անխուսափելի են:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչ-Ընդդիմություն համաձայնագիրը ստորագրվեց. Փաստաթուղթ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» Լուսավորության երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է’