Էդգար Սևիկյանը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականում

204

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականում և պատրաստվում է միանալ Հայաստանի ազգային թիմին։ Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում։

«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզիչներն ուշադրություն են դարձրել և գնահատել իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել պրոֆեսիոնալիզմի ու կարիերայի առումով։ Սակայն պետք է տեղեկացնեմ, որ այս պահին չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն կայացրել եմ Հայաստանի հավաքականում խաղալու որոշում։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան իմ ընտրությանն ու ինքնուրույն որոշմանը»,- Սևիկյանի խոսքը մեջբերում «Նիժնի Նովգորոդի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էդգար Սևիկյանը հայտարարել էր, որ պատրաստ է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Կիսապաշտպանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ։ Նախկինում նա հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։

Նախորդ հոդվածըԿոնսենսուս՝ ընդդեմ ողջախոհության. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԻմանոլ Ալգուասիլ․ «Զախարյանը խաղաոճով նման է Զիդանին»