‘Էդվարդ Նալբանդյանը այցելել է Չինաստան’

848

Հուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպան ժամանակ գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։ 

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ 

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։ 
Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար: 

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։
Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հանդիպումից հետո Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։ 
Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի հետ: 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Յան Ձիեչին ասաց, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երևան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները և ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Յան Ձիեչին և Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: 
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ձևավորված բարեկամական համագործակցության առնչությամբ։

Չինաստանի պետխորհրդի անդամն ու Հայաստանի արտգործնախարարը ընդգծեցին երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական և ապակենտրոնացված համագործակցությանը։ 

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։ 
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ։

Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ Նախարարը պաշտոնական ընթրիք տվեց իր հայաստանյան գործընկերոջ պատվին։ 

Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ:

ԱԳՆ լրատվական ծառայություն

Նախորդ հոդվածը‘Անժամկետ նստացույց՝ քաղաքապետարանի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Քայլ առ քայլ՝ դեպի Բաղրամյան 26’