‘Էդվարդ Նալբանդյանի այցը ԱՄԷ. Հայաստանում կհիմնվի արաբական երկրի դեսպանատունը ‘

862

Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի, հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը։

 

Մուհամադ Ահմադ Մուրին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես՝ կարևորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։

 

Աբու Դաբիում կայացան Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։

 

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվեց Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը։

Նախորդ հոդվածը‘Գազայի հատվածում առանց դատարանի որոշման մահապատժի է ենթարկվել 6 մարդ. Նրանք Իսրայելի օգտին լրտեսություն էին կատարում’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է որոտացել’