‘Էլեկտրացանցերը էլէներգիան թանկացնելը հիմնավորում են իրենց «ճեղքվածքներով»’

1274

Վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն) ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Համենայնդեպս, այդպես է գրված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնների վերաբերյալ տեղեկանքում:

Փաստաթղթում նշվում է, թե առավել մեծ ֆինանսական ճեղքվածք է առաջացել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում`  7,2 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում այն կազմում է  6,8 մլրդ դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում`  2,0-ական մլրդ դրամ:

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումն, իբր, պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով. վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը և սկսվում են մայր գումարի ու տոկոսագումարի մարումները, որի արդյունքում ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 2,9 մլրդ դրամով;  համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումներն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենածավալուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 2014 թվականին. ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի աճը կազմում է 3,9 մլրդ դրամ; շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,4 մլրդ դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.  2013-2014թթ. ընթացքում«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով: Ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 1,1 մլրդ դրամով;  շահագործման ու պահպանման ծախսերի և այլ գործոնների փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,3 մլրդ դրամ:

Կարճ ասած, էլեկտրացանցը խնդիր ունի, առանց այդ էլ վերջերս տեղի ունեցած թանկացումների պատճառով մարդիկ սկսել են էլեներգիան խնայողաբար օգտագործել: Բայց ընկերությունը որոշակի չափով շահույթ պետք է ստանա, եթե ոչ, ապա մենք նրան դա պետք է փոխհատուցենք: Ինչպե՞ս: Շատ պարզ: Էլեներգիան նախկինի համեմատ ավելի քիչ կօգտագործենք, բայց կվճարենք թանկ:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը իբրեւ թե պայմանավորված է շահագործման և պահպանման ծախսերի, այդ թվում՝ կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած վառելիքի պահպանմանն ուղղվող ծախսերի ավելացման, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հաղորդման ցանցերում վերականգնման և վերազինման, ինչպես նաև միջպետական էլեկտրահաղորդման գծերի (այդ թվում՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի) կառուցման համար ներգրավված արտոնյալ վարկային միջոցների մարման և սպասարկման հետ կապված ծախսերի ավելացմամբ՝ համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիան վերջին անգամ թանկացրել են 2013-ի ձմռանը: Կարծես` այն ժամանակ բոլոր հաշվարկները կատարած պիտի լինեին` համապատասխան չափով թանկացնելու համար: Բայց հիմա, մեզ ուզում են ապացուցել, թե իբր լավ չեն հաշվարկել: Իրականում, սակայն,  էլեկտրաէներգիան մասնակի են թանկացրել նպատակաուղղված, որպեսզի գազի գնի բարձրացման շոկը հենց մի քիչ անցնի, նոր անցնեն թանկացման երկրորդ, բայց որեւէ երաշխիք չկա, որ վերջին փուլին:

 

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում 1923-ից ի վեր առաջին անգամ հայկական դպրոց է կառուցվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’