‘Էկոնոմիկայի փոխնախարար. $170 հազարանոց զուգարաններն ամենեւին էլ թանկ չեն’

1057

Երեւանում եւ Տաթեւում տեղադրված 170 հազարական դոլար արժողությամբ զուգարաններն ամենեւին էլ թանկ չեն: Ըստ «Արմենպրես»-ի, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նրա խոսքով, զուգարանները բերվել են 2010-11 թվականներին, արդեն տեղադրված են և նման զուգարանների համեմատ` Հայաստանի կողմից գնվածները բավական մատչելի են իրենց տիպի և որակի առումով: 

«Նման զուգարաններն արժեն շատ ավելի թանկ, դրանք պետք են մեր երկրին և հատկապես շատ ակտիվ տուրիստական վայրերին հարող տարածքներում: Նրանք, ովքեր շահարկում են հարցը, եթե գնան  տեսնեն այդ զուգարանը, կհասկանան, որ դրանք այդքան էլ արժեն»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ ձեռք բերելուց առաջ շուկան ուսումնասիրվել է:

Պետրոսյանը նշել է, որ հիշատակվող գումարի 30 տոկոսը հարկերի և տուրքեր միջոցով վերադարձվել է պետական բյուջե: «Գումարի մի մասն էլ ծախսվել է  զուգարանների տեղադրման և փոխադրման վրա»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ նշված թիվը միայն զուգարանների ինքարժեքը չէ:

2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ է տրամադրվել 2 զուգարան գնելու, Հայաստան տեղափոխելու եւ տեղադրելու համար։ Զուգարաններից մեկը տեղադրվել է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում: Այդ զուգարաններն ինքնամաքրվող են, ինքնաբակտերիազերծվող եւ կարող են երկար ծառայել: Զուգարանից օգտվելու նախնական վճարը սահմանվել է 200 դրամ: 

Նշենք, որ Երեւանում տեղադրված զուգարանը չի գործում «տեխնիկական թերությունների» պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբա. Պատրաստվում եմ «Գալաթասարայի» հետ նվաճել Չեմպիոնների լիգան’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականը միայն վարագույրների վրա 2 տարում 40 միլիոն դրամ է ծախսել (Տեսանյութ)’