‘Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը չի հիշում, թե երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը. Տեսանյութ’

1206

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանգիրը, ով է ստորագրել այն, և արդյո՞ք պատգամավորները, օրինակ՝ ինքը, կարող է ծանոթանալ այդ պայմանագրի տեքստին: Մովսիսյանը բավականին ուշագրավ պատասխան տվեց. նա հայտարարեց, թե չի հիշում:

«Թե երբ է ստորագարվել, որ ամսին՝ չեմ կարող հիշողությամբ ասել, հանկարծ չսխալվեմ, ինչ վերաբերում է պայմանագրի տեքստին ծանոթանալուն, այո, բացի կոմերցիոն բնույթ պարունակող բաներից, մյուս մասը կարող ենք բացել ու տալ ձեզ»,- ասաց նա, ինչից հետո Արամ Մանուկյանը խնդրեց գոնե պայմանագրի ստորագրման ամիսը հիշել: «Չեմ հիշում, հիմա կճշտեմ կասեմ, հիմա ասեմ, վաղը կասեք մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ ա ասել, կճշտեմ, կասեմ, ի՞նչ ա եղել»,- արձագանքեց նախարարը:

Արամ Մանուկյանը պարզաբանեց, որ այդ հարցի պատասխանը հարկավոր էր իմանալ՝ երկու ամսաթվերի հետ համեմատելու համար. նախ Սերժ Սարգսյանի՝ մարտի 18-ին արած հայտարարության, երբ նա հերյուրանք էր որակել ապրիլի 1-ից բարձրացած գնով գազ գնելու մասին տեղեկությունները, և փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների:  

«Դրա համար դուք չեք ասում ուղղակի՝ դա եղել է էդ ժամկետից առա՞ջ, թե՞ հետո: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքը երկու կետ ունի, որտեղ այդ պայմանագրերը վավերացման են ենթակա: Մի դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ է վերցնում այդ պայմանագրով, և մյուսը՝ երբ գերատեսչություններն են ստորագրում, և պարտադիր վճարումների խնդիր է առաջանում: Գոնե այս հարցին պատասխանեք: Այս պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ վերցնո՞ւմ է՝ վճարման համակարգի հետ կապված, և պարտադիր վճարներ դրա հետևանքով առաջանո՞ւմ են, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Մանուկյանը:

Մովսիսյանն ասաց՝ Հայաստանի կառավարությունը չի վերցնում, պայմանագիրը ստորագրում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն Ռուսաստանի «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ:

«Այստեղ կառավարությունը վճարման որևէ պարտավորության մեջ չի մտնում: Ինչ վերաբերում է ստորագրման պահին, ապա հաստատ եղել է  դրանից ավելի ուշ, հետևաբար՝ կապել ընտրությունների կամ նախագահի հայտարարության հետ չի կարելի, դրանից հետո է եղել, իսկ կոնկրետ ամիս-ամսաթիվ կճշտենք, կասենք ձեզ»,- արձագանքեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Հունիսի 13-ին Հայաստանում զանգվածային հոսանքազրկումներ են սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հերքել է Բաքու-Երևան ավիաուղերթները վերսկսելու լուրը’