‘Էռնեկյան. Մտադրություն չունենք հյուրանոց կառուցելու, ավելի հավանական է թանգարանի ստեղծումը’

1109

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը՝ այնտեղ թանգարան կառուցելու նպատակով։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ սփյուռքահայ գործարարն ասել է, որ հոյակապ կառույց է համարում ԱԳՆ նախկին շենքը։ «Մտադրություն չունենք հյուրանոց կառուցելու։ Ավելի հավանական է թանգարանի ստեղծումը»,- հավելել է նա։ Էռնեկյանը դեռ չի որոշել, թե ինչ հավաքածուներ են լինելու թանգարանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Արգենտինահայ գործարարը, ով նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, ԱԳՆ շենքի համար այնքան գումար էր առաջարկել, որքան մարտի 5-ին աճուրդում ԱԳՆ-ի շենքի համար նախատեսված 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկնարկային գինն էր: Աճուրդը, սակայն, չկայացավ` գնորդ չլինելու պատճառով, ուստի արգենտինահայ գործարարի առաջարկը մնաց ուժի մեջ: Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության՝ աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի են հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ հատկացված հողամասը: 

Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը երկրորդ տեղում է։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ): Նա ունի ավելի քան 1000 կմհողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։ 

2001 թվականից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. գործարարը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը։ 2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։ Էդուարդո Էռնեկյանը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Նախորդ հոդվածը‘Բելառուսի նախագահն արժանացել է Շնոբելյան մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘Ստարիջն ու Ռոջերսը օգոստոս ամսվա լավագույններն են ԱՊԼ-ում’