‘Էրդողանը «գտել» է անկարգությունների կազմակերպիչներին’

987

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ետևում կարող են կանգնած լինել արտասահմանյան ուժեր: Էրդողանի խոսքերով, որոնք մեջբերում է Hurriyet-ը, թուրքական հետախուզությունն  արդեն սկսել է սադրիչների որոնումը: «Առայժմ չենք կարող նրանց անունները տալ,-հայտարարել է Էրդողանը:- Սակայն նրանց առաջնորդները ստիպված կլինեն հանդիպել մեզ հետ»: Նա նաև քննադատել է արտասահմանյան հասարակության արձագանքը Թուրքիայի իրադարձություններին և հայտարարել. «Ովքեր մեզ զսպվածության կոչ են անում, պետք է, նախ և առաջ, իրենք զսպվածություն հանդես բերեն»: Էրդողանը շեշտել է, որ անկարգությունների պատասխանատվությունը կրում են ծայրահեղականները և ընդդիմությունը, գրում է BBC News-ը: Մասնավորապես՝ նա մեղադրել է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը, որը համարվում է Թուրքիայում ամենախոշոր ընդդիմադիր ուժը:

Կառավարության ղեկավարը, որպես անկարգություններ հրահրող ևս մի գործոն՝ նշել է ցուցարարների կողմից Twitter-ի և սոցիալական այլ ցանցերի օգտագործումը: «Գոյություն ունի Twitter կոչեցյալ սպառնալիքը, որտեղ կարելի է գտնել բացառիկ ստախոսության նմուշներ,- ասել է Էրդողանը:- Իմ կարծիքով՝ սոցիալական ցանցերը սոսկալի սպառնալիք են հասարակության համար»:

Բողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվում են: ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ ցուցարարները կրկին հավաքվում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Իսկ Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, ովքեր փորձել են  հավաքվել Քիզիլայ կենտրոնական հրապարակում, հաղորդում է Reuters-ը:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն կտուգանի «Ռիչ Քոմփյութերսին» ‘
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինում նշանակվել է նոր վարչապետ’