‘Էրդողանը կոչ է անում քաղաքացիությունից զրկել ահաբեկչության աջակիցներին’

1336

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի իշխանություններին կոչ է արել քաղաքացիությունից զրկել ահաբեկչության աջակիցներին:

Ելույթ ունենալով Անկարայում իրավաբանների առջև՝ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունն ահաբեկիչների հետ քննարկելու բան չունի:

Երկուշաբթի Էրդողանը բացառել էր երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: «Այդ մարդիկ արժանի չեն մեր քաղաքացիները լինելու: Մենք պարտավոր չենք հանդուրժել նրանց, ովքեր դավաճանում են իրենց պետությանն ու ժողովրդին»,- հայտարարել է նա:  Թուրք նախագահը նաև խոստացել է մեկընդմիշտ վերջ դնել հակամարտությանը երկրի հարավ-արևելքում:

Մարտ ամսին Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել «ահաբեկիչ» տերմինի մեկնաբանությունը և այդպիսիք ճանաչել ոչ միայն ահաբեկչության անմիջական կատարողներին և ոգեշնչողներին, այլև բոլոր նրանց, ովքեր աջակցում են այդ գործողություններին: Էրդողանի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա «զենքը կամ նռնակը ձեռքին ահաբեկչի և այն մարդու միջև, որն իր հասարակական դիրքի կամ գրչի օգնությամբ» աջակցում է ահաբեկիչներին: Դրանք կարող են լինել լրագրողներ, օրենսդիրներ և տարբեր ակտիվիստներ, հավելել է նա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ցանցահենները Թուրքիայի 50 միլիոն քաղաքացիների տվյալների բազան են կոտրել’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը’