Էրդողան․ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

440

Հնչող հաշտվողական հայտարարությունների ֆոնին՝ Թուրքիան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, հատարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է նկատում Թուրքիայի կողմից։

«Ես հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը։ Մեր տարածաշրջանին հարկավոր է կառուցողական մոտեցում։ Եթե անգամ կան տարաձայնություններ, հարևանական հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Ուստի մենք կարող ենք աստիճանաբար նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է, թե պատրաստ է ընթանալ այդ ուղղությամբ»,- Սարաևոյից վերադառնալիս ինքնաթիռում թուրք լրագրողներին ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը։

Էրդողանի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվել և համագործակցության պայմաններ կարելի է ստեղծել միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո։

«Նույնպիսի ըմբռնումով էլ Ադրբեջանն է առաջարկում Հայաստանի հետ բանակցություններ սկսել՝ համապարփակ խաղաղ համաձայնություն կնքելու համար։ Այդպիսի մոտեցման շնորհիվ ի հայտ կգան նոր հնարավորություններ Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է մեր առաջարկը՝ «Հինգի հարթակ» կամ «Վեցի հարթակ» ստեղծելու վերաբերյալ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ։ Մենք առաջարկել ենք այդտեղ ներառել նաև Վրաստանը։ Եթե նման հարթակ կազմակերպվի, տարածաշրջանում շատ ավելի հանգստություն կտիրի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Նա հավելել է, որ տարածաշրջանում պետք է երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք կկապեն երկրներն իրար հետ, և այդպիսով՝ շատ խնդիրներ կհաղթահարվեն»։

«Մենք (Ռուսաստանի նախագահ) Պուտինի հետ քննակել ենք այդ հարցերը և համաձայնության ենք եկել։ (Ադրբեջանի նախագահ) Ալիևի հետ՝ նույնպես։ Իրանում փոխվել է նախագահը, և նրա հետ մենք նույնպես կքննարկենք այս թեման»,- ասել է Էրդողանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը կմասնակցի թենիսի ԱՄՆ բաց առաջնությանը
Հաջորդ հոդվածըՔաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է