‘Է.Շարմազանով. Ի՞նչ եք կպել էդ մարդու ունեցվածքից. Մամուլ’

2474

«Չորրորդ ինքնիշխանությունը», իր Բլից-վիրտուալ խորագրի ներքո գրում է.

Պրն Շարմազանով, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի դիմումը դատախազությանը, որով կոչ է արվում պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բազմամիլիոնանոց ունեցվածքի աղբյուրները և քրեական պատասխանատվության ենթարկել նրան:

-Ես նման կարգի բացահայտ անհեթեթությունները մեկնաբանելու ժամանակ չունեմ:

-Բայց կոնկրետ ի՞նչն է անհեթեթ:

-Սկզբից մինչև վերջ անհեթեթ է: Վերցնենք թեկուզ առաջին չորս բառերը:

-«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»: Հըմ… Լավ, ենթադրենք՝ առաջին չորս բառերն անհեթեթ են: Բայց ՀԱԿ-ը նրա ունեցվածքի մասին է խոսում: Տարոն Մարգարյանն իր ձեռքով է լրացրել իր ունեցվածքի հայտարարագիրը…

-Բացարձակ անհեթեթություն է, նման բան լինել չի կարող:

-Ինչո՞ւ: Գրել չգիտի՞:

-Դուք արդեն սև քարոզչություն եք անում:

-Չէ, կոնկրետ հարց ենք տալիս: Ասում ենք՝ որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք, եթե բիզնեսով չի զբաղվել ու ժառանգություն չի ստացել:

-Ի՞նչ եք կպել էդ մարդու ունեցվածքից: Էն խոպանչու անեկդոտը գիտե՞ք, որ հինգ-վեց տարի տնից բացակայելուց հետո գալիս ա տուն, տեսնում երկու-երեք տարեկան մի երեխա ու սկսում հարցուփորձ անել, կինն էլ ասում ա «այ մարդ, էրեխա յա՝ իրա համար մածուն ա ուտում, ի՞նչ ես չամռվել»: Հիմա մեր Տարոնն ա՝ մի 10-20 միլիոնի ունեցվածք ունի, ի՞նչ եք չամռվել:

-Նախօրեին Գալուստ Սահակյանը…

-Ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում:

-Լավ, լավ: ՕԵԿ ցուցակի երկրորդ համար Հովհաննես Շահինյանը հայտարարել է, թե Երևանի քաղաքապետ է ընտրվելու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, և Երևանը ունենալու է արտակարգ քաղաքապետ:

-Ես էլ ասում եմ, որ Երևանն ունենալու է ոչ սիրուն քաղաքապետ:

-Ինչո՞ւ:

-Դե որովհետև ով Տարոնին տեսնում է՝ ասում է «սիրուն չի»: Չնայած՝ էդ երևի Վոլաչկովայի ֆոնի վրա է այդպես երևում:

-Լավ, ընտրություններից վերանանք…

-ՀՀԿ-ն երբեք ընտրություններից չի վերանա: Այլ մեթոդներ փնտրեք:

-Չէ, դա նկատի չունեի: Րաֆֆի Հովհաննիսյանի ջահելները հայտարարում են, թե հաճույքով կհամագործակցեն ՀՀԿ առողջ թևի հետ…

-ՀՀԿ-ն հո վիրավոր լորիկը չի՞, որ մի թևն առողջ լինի, մյուսը՝ վիրավոր: ՀՀԿ-ում թևեր չկա:

-Իսկ մարմի այլ մասե՞ր:

-Դուք նորից սև քարոզչություն եք անում…

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Արցախի հարցը ՀՀ ժողովրդավարացման խոչընդոտ չի կարող լինել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Հրապարակում կանգնած յուրաքանչյուրիցդ է կախված մայրաքաղաքի ճակատագիրը’