‘Տիգրան Առաքելյան. Հրապարակում կանգնած յուրաքանչյուրիցդ է կախված մայրաքաղաքի ճակատագիրը’

987

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին: Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի ժողովուրդ, հարգելի հանրահավաքի մասնակիցներ, երևանցի ընտրողներ, ողջույն:

Այս հանրահավաքը ՀԱԿ կուսակցության ընդլայնված հանդիպումն է կուսակիցների և համակիրների հետ: Հանրահավաքը կազակերպված է մայիսի 5-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ և ունի շատ կարևոր նշանակություն՝ ՀԱԿ ավագանու թեկնածուների խոսքը, ծրագրերը առաջիկա մի քանի օրում ջանք ու եռանդ չխնայելով տարածելու և հասցնելու յուրաքանչյուր քաղաքացու: Այս հրապարակում կանգնած յուրաքանչյուրիցդ է կախված մեր մայրաքաղաքի հետագա ճակատագիրը: Քաղաքական պրոցեսները, քաղաքական ուժերի հետագիծը ուսումնասիրելով՝ պետք է երևանցին կատարի մայրաքաղաքի համար վճռորոշ ընտրություն: Քաղաքական ուժերից երկուսը նույնիսկ բարոյական իրավունք չպետք է ունենային մասնակցել այս ընտրություններին, սակայն ամեն օր, կարծես՝ երկնքից իջած հրեշտակներ, առանց հարցնելու՝ մտնում են մեր բակերը, տներ և չգիտես, թե ում են քննադատում իրենց իսկ կողմից ձախողած մեր քաղաքի կառավարումը:

Սիրելի ժողովուրդ, մենք ունենք մեր հստակ անելիքը և ունենք ընդամենը մի քանի օր: Պետք է և պարտավոր է այստեղ կանգնած յուրաքանչյուր մարդ, ջանք ու եռանդ չխնայելով, իր ողջ ուժերը ներդնի առաջիկա օրերին համոզել, բացատրել և օրենքով չարգելված բոլոր միջոցներով ՀԱԿ ավագանու թեկնածուների խոսքը հասցնել նույնիսկ ամենահուսահատ ընտրողին:

Մենք պետք է քարոզենք շիտակ, առանց մյուս՝ ոչ իշխանական ուժերին քննադատելու: Մեր թիրախը պետք է լինի հանցավոր ռեժիմը: Մենք խաբելով ընտրողի քվեն գողանալու որևէ պատճառ չունենք: Մեր ավագանու թեկնածուների ցուցակը կազմված է բացառիկ մարդկային հատկանիշներ ունեցող ազնիվ, գրագետ և մասնագիտական ամենատարբեր բնագավառներում պրոֆեսիոնալ անձանցից: Մեծ մասը երիտասարդներ են, ջերմեռանդ, որոնց բոլորդ էլ ճանաչում եք ամենօրյա աշխատանքից:

Սիրելի երևանցիներ, հանրահավաքի մասնակիցներ, ձեր միասնական, կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարող է ստեղծվել իրական հնարավորություն՝ մայրաքաղաքում կատարել իշխանափոխություն: Դրանից հետո կես քայլ է մեր հավաքական նպատակին հասնելու ճանապարհը:

Տիգրան Առաքելյան, 29.04.2013թ.

Նախորդ հոդվածը‘Է.Շարմազանով. Ի՞նչ եք կպել էդ մարդու ունեցվածքից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Շահինյանի քաղաքական արկածները. Սերժ Սարգսյան-Սիմբա-ՕԵԿ տրանզիտ ‘