‘Ընդդիմությունը պահանջում է «կենսաթոշակների» օրենքի կիրառումը հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել’

1292

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը միանում է քաղաքացիների` կենսաթոշակային բարեփոխումների օրենքի կիրառությունը հետաձգելու պահանջին եւ պահանջում էր արտահերթ նիստ հրավիրել հարցի կապակցությամբ: Այս մասին ազգային ժողովում հայտարարեց «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ հունվարի մեկից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ ՝ կուտակային հիմնադրամներին:

«Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել եւ սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ: Մասնավորապես, Ֆեյսբուքի տիրույթում ձեւավորվել են պարտադիր վճարումների դեմ ընդվզող քաղաքացիների խմբեր, որոնց մեջ ներգրավված մարդկանց թիվն արդեն մոտենում է 8 հազարի, ըստ էության ձեւավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքաացիների մի նոր շարժում», — նշեց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց նաեւ, որ 2010թ. Փետրվարին Կոնգրեսի հրապարակած «100 քայլ» ծրագրի համաձայն, ինչպես նաեւ 2010թ. սեպտեմբերին հրապարակված ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի մեջ ամրագրվել  են Կոնգրեսի մոտեցումները, որով լրացուցիչ կենսաթոշակի աղբյուր են դիտարկվում քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումները, եւ որ «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից: շահագրգռելով մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:

«Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներին ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից «մոգոնված»` ժողովրդի ունեզրկման եւս մեկ գործիք, նախ՝ որովհետեւ նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, եւ երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական եւ տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որեւէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ:

Ուստի, մենք ընդունում ենք քաղաքացիների կողմից եկած առաջարկը եւ միանում ենք իրենց նախաձեռնությանը՝ ԱԺ-ում հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում կդրվի պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման հետաձգումը 1 տարով՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», — ամփոփեց Լեւոն Զուրաբյանը:

Հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին հայտարարեց նաեւ ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ` անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նախորդ հոդվածը‘2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 տոկոսից իջեցրել է մինչև 8 տոկոս’