‘Ընտրություններ Ավստրիայում. Փոստով քվեարկությունը որոշիչ կլինի’

1567

Ավստրիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաշվարկվել են բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկները: Մրցակիցների միջև տարբերությունը 4 % է: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ծայրահեղ աջակողմյան Ազատության ավստրիական կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերի օգտին քվեարկել է ընտրողների 51,9 %-ը, իսկ «Կանաչների» կուսակցության նախկին ղեկավար Վան դեր Բելլենն ստացել է ձայների 48,1 %-ը: Ըստ երևույթին՝ ամեն ինչ կորոշվի, երբ այսօր հաշվարկվեն 750 հազար ընտրողների ձայները, որոնք իրենց քվեաթերթիկներն ուղարկել են փոստով: Դա ընդհանուր ընտրազանգվածի մոտավորապես 12 %-ն է: Ընդհանուր առմամբ՝ ձայնի իրավունք ունի 6,4 մլն քաղաքացի, հաղորդել է Ավստրիայի ՆԳՆ-ն:

Այս տարվա ապրիլին կայացած ընտրությունների առաջին փուլում Հոֆերն ստացել էր 35 %, իսկ Վան դեր Բելլենը՝ 21:

Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ավստրիական գլխավոր կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատականը և Ժողովրդականը, չեն կարողացել անցնել երկրորդ փուլ, ինչի պատճառով էլ կանցլեր Վերներ Ֆայմանը հրաժարական տվեց:

Եվրասկեպտիկ Հոֆերի հաղթանակի դեպքում Ավստրիան կարող է դառնալ Եվրամիության առաջին երկիրը, որի նախագահը ազգայնական և ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունի:

Ի տարբերություն իր մրցակցի՝ Վան դեր Բելլենն իր քարոզարշավը կառուցում էր եվրոպական միասնության կոչերի վրա: Նրա խոսքով՝ իր հաղթանակը կողջունեն ԵՄ բոլոր երկրները: «Ես հստակ հայտարարել եմ, թե որքան կարևոր է Եվրամիությունը պետությունների ազատության, անվտանգության և զարգացման համար, այդ թվում՝ և Ավստրիայի»,- հայտարարել է ավստրիական «կանաչների» նախկին ղեկավարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում արտակարգ դրություն է հայտարարվել թռչող աղվեսների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել’