Ըստ Զախարովայի` Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համատեղ հայտարարություն չընդունելու պատճառը. «Արմենպրես»

404

Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ»,-ասել է Զախարովան։

Միաժամանակ, Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են։

«Այդ գործընթացը կարող է էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը»,- ավելացրել է Զախարովան։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելու առումով էլ Զախարովան հայտնել է, որ հայտարարության ֆրանսիացի հեղինակներն անտեսել են Ռուսաստանի առաջարկները։

«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնասյունն է։  Ամեն դեպքում մենք զբաղվելու ենք ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով»,- ըստ «Արմենպրես»–ի` ասել է Զախարովան։

Նախորդ հոդվածըՀայտարարություն Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» դուրս թողեց «Բետիսին» եւ կմրցի «Ռեալի» հետ (տեսանյութ)