‘Ըստ էներգետիկայի նախարարի Որոտանը դեռ չի վաճառվել, ՀԾԿՀ-ն, սակայն, այլ բան է հայտարարել ‘

836

Հայաստանում ոչ ոք չի հայտարարել Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վաճառքի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով էներգետիկ օբյեկտի վաճառքի իրավական բնույթի վերաբերյալ պատգամավորների հարցերին:

Նրա խոսքերով, հնչեցվել են ընդամենը ամերիկյան ընկերության կողմից երկրի էներգետիկ համակարգում 180 մլն.դոլար ներդնելու մտադրությունների մասին: Նախարարը նշել է, որ կասկադի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց առայժմ այն արտահայտվոմ է միայն բանակցային գործընթացով: «Բանակցությունները շարունակվում են, դեռ չեն ավարտվել. Դեռ ոչ մի գործարք չկա: Եթե առաջարկները Հայաստանին լինեն ձեռնտու, ապա գործարքը կկայանա»,- ասել է Մովսիսյանը: Նա հերքել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` կասկադը ռուսական կողմնին վաճառելու պնդումները: «Որոտանի կասկադի վաճառքի հարցը երբեք չի եղել ռուսական գործընկերների հետ մեր բանակցությունների օրակարգում»,-նշել է նախարարը, հավելելով, որ բանակցություններն ընթանում են միայն ամերիկյան կողմի հետ:

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Որոտանի կասկադն ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու մասին գործարքը: Ամերիկյան ընկերությանը կվաճառվեն կասկադի բոլոր երեք` Տաթևի, Շամբիի և Սպանդարյանի էլեկտրակայանները: Կասկադի կառավարումը կիրականացնի Contour Global Hidrocascade ըներությունը, որը հանդիսանում է Contour Global ընկերության դուստր ընկերությունը: Նշված գործարքն ամենախոշորն է Հայաստանում ամերիկյան բիզնեսի պատմության մեջ: Իսկ կառավարությունում հաստատել են, որ ամերիկյան կողմը պատրաստ է կայանի զարգացմանը ներդնել 180 մլն.դոլար: Մինչ օրս «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն էր ՀՀ կառավարությունը: 2012 թվականին կասկադն արտադրել է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 16%-ը: 2001-2003 թվականի մասնավորեցման ծրագրում Որոտանի կասկադը հանվել էր մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկից: 

Նախորդ հոդվածը‘Մարգվելաշվիլի. Վրաստանում Ռուսաստանը նույն կերպ չի գործի, ինչպես Ուկրաինայի դեպքում ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում անկարգությունների հետևանքով վիրավորվել է առնվազն 60 մարդ’