‘Ըստ ոստիկանության՝ Դալմայի այգիներում սպանությունը բացահայտվել է ‘

805

Դալմայի այգիներում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին, ժամը 12.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 1960 թ. ծնված Սերգո Երեմյանը: Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Արա Հունանյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետև մասնատել է դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում: Սերգո Երեմյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել էր Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչ դեռ, սպանվածի քույրը «ՀԺ»-ի թղթակցին պատմել էր, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը խեղաթյուրված են և որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.-ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել: Ըստ հարազատների՝ ոստիկաններն ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Միայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում հայտնաբերել դին:

Նախորդ հոդվածը‘ՃՈ. Արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի’