‘Թբիլիսիում այրվել է մեկ միլիոն դոլարի կահույք’

937

Թբիլիսիի կահույքի խոշորագույն  առևտրի կենտրոնում երեկ երեկոյան բռնկված հրդեհի պատճառած վնասը կազմում է մինչև մեկ միլիոն դոլար, հաղորդում է Trend-ը: Կենտրոնի տնօրենը հաղորդել էր, որ հրդեհի գրաված տարածքում մի քանի տասնյակ խանութներ կան, որտեղ թանկարժեք կահույք է վաճառվում:  Մինչդեռ РИА Новости-ի տեղեկություններով՝ այրված խանութների թիվը հասնում է 200-ի: Դեպքի վայրում գտնվող առևտրականների պնդմամբ՝ խանութների ապրանքն ապահովագրված չէր: Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան արդեն խոստացել է խանութների հրդեհից տուժածներին օգնություն տրամադրել:

Կահույքի առևտրի կենտրոնում հրդեհի առաջին ազդանշանը հնչել էր երեքշաբթի երեկոյան, ժամը 20.30-ին մոտ: Հրդեհը մարելու համար գործի էին դրվել գրեթե հարյուր հրշեջներ և 30 միավոր տեխնիկա: Հրդեհը գրավել էր մոտավորապես վեց հազար քառակուսի մետր տարածք, տեղի էր ունեցել երկրորդ հարկի փլուզում:Հրդեհի մարմանը խանգարում էր ուժեղ քամին: Այն մեկուսացվել է սկսվելուց չորս ժամ անց: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել կարճ միացումը: Սակայն կենտրոնի տնօրենն այդ վարկածը բացառում է, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոլիտեխնիկում «Ոչ դասադուլին» պաստառներով սպասում են դասադուլավորներին (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո «պատվավոր պոնտիֆիկի» տիտղոս կստանա’