‘Թուրքական բանակում հայ զինվորին սպանած Աղաօղլուն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման’

1024

Դիարբեքիրի ռազմական դատարանը նախօրեին չորս տարի հինգ ամիս ազատազրկման է դատապարտել Թուրքիայի բանակի ազգությամբ հայ Սեւակ Շահին Բալըքչիին սպանած, նրա ծառայակիղ Աղաօղլուին՝ որակելով վերջինիս արարքը որպես «չկանխամտածված սպանություն»:

Սեւակը սպանվել է 2011-ի ապրիլի 24-ին, զորամասում:

«Պարզվում է, իմ սիրելի Սեւակի կյանքն այդքան էժան էր, որ նրա սպանությունը օրինական է ճանաչվում», — HurriyetDailyNews-ի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայրը՝ Անի Բալըքչին:

«Մոլորյալ գնդակի» պատճառով հայազգի զինվորին կյանքից զրկած Աղաօղլուն պարտավորվում է նաեւ եւս երեք տարի ծառայել թուրքական բանակում:

Դիարբեքիրի ռազմական դատարանը հրաժարվել է ընդունել Բալըքչի ընտանիքի փաստաբանի պահանջը՝ Աղաօղլուին դատապարտել կանխամտածված սպանության համար: Անի Բալըքչին եւ փաստաբան Ջեմ Հալավուրթը հայտարարել են, որ կբողոքարկեն առաջին ատյանի վճիռը՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Ստամբուլում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Կարո Պալյանը թուրքական պարբերականի հետ զրույցում շեշտել է, որ Բալըքչին սպանվել է հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի միջազգային հիշատակման օրը: 2011-ի նույն այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Հարության՝ Զատկի տոնը: «Եվ այդ փաստը որեւէ կերպ չի անդրադարձել դատարանի վճռի վրա», — ասել է Պալյանը՝ նշելով, որ դատավճռի հրապարակումից հետո մարդասպանի ներկայացուցիչները «սիրաշահող» հայտարարություններ էին անում, ինչպես՝ «փոքրամասնությունները մեր եղբայրներն են»:  

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնություն. B խմբում իրավիճակը թեժացավ, բայց առանց Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘Երեւանցիները խոսում են ֆուտբոլի հավաքականի պարտության պատճառների մասին (Տեսանյութ)’