‘Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու. Իմ նշանակման դեպքում հայ-թուրքական սահմանի բացման հարցն ինձ համար առանցքային կլինի ‘

863

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեն հավանություն է տվել Ջոն Բասի թեկնածությանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարից, Բասի թեկնածության շուրջ քննարկման ընթացքում բարձրացվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:

Անդրադառնալով Հայաստանի սահմանների շրջափակման հարցին` Բասը, մասնավորապես, ընդգծել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր հաստատման դեպքում հայ-թուրքական սահմանի բացման հարցն առանցքային կդառնա իր դիվանագիտական օրակարգում:

Պատասխանելով սենատոր Մենենդեսի այն հարցին, թե թեկնածուն ինչպես է բնորոշում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները և արդյոք մտադիր է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, Բասը նշել է. «ԱՄՆ կառավարությունն Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանությունն ու բռնի տեղահանությունը ճանաչում է որպես պատմական փաստ և ողբերգություն: Իմ նշանակման դեպքում ես կշարունակեմ մասնակցել այդ իրադարձություններին նվիրված հիշատակի միջոցառումներին, մասնավորապես` 100-ամյա տարելիցի նախաշեմին»:

Պատասխանելով Մենենդեսի մեկ այլ հարցին, որ առնչվում էր Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականությանը, դեսպանի պաշտոնի թեկնածուն հայտարարել է. «Անշուշտ, Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվում են մարտահրավերների: Իմ նշանակման դեպքում ես Թուրքիայի իշխանություններին կոչ կանեմ վերադարձնել կրոնական փոքրամասնություններին պատկանող գույքը, ինչպես նաև դադարեցնել խոչընդնոտներ հարուցել նրանց կողմից սրբավայրերի կառուցման կամ ձեռք բերման ճանապարհին»:

Ի պատասխան սենատոր Բոքսերի այն հարցի, թե Անկարայի կողմից Ցեղասպանության հերքումն ինչպես է անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, Բասը նշել է. «Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալը: ԱՄՆ վարչակազմը կպաշտպանի այդ փաստերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչումը»:

Այնուհետև դիվանագետը նշել է, որ լավ ծանոթ է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական իրադարձություններին և այն շրջանի ԱՄՆ քաղաքականությանը: «Այն ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան  Հենրի Մորգենթաուի և ամերիկյան այլ դիվանագետների հաշվետվություններն այդ ողբերգական իրադարձությունների հաստատումն են: Այդ իրադարձությունների առանձին ականատեսների պատմածները, պարզապես, սարսափելի են: ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության ու բռի տեղահանության պատմական փաստը», — եզրափակել է դիվանագետը:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսի նյարդային պայքարը «պապարացիների» հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մենք են այս քաղաքի տերը». Նոր Նորքի այգիների կառուցապատումը անօրինական է’