‘Թուրքիան պահանջում է պատժել գերմանացի կատակերգակին’

1772

Թուրքիայի իշխանությունները Գերմանիային բողոքի նոտա են հղել՝ պահանջելով գործ հարուցել կատակերգակ դերասան Յան Բյոմերմանի նկատմամբ, որը ZDF հեռուստատեսության եթերում վիրավորական ոտանավոր է կարդացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:

Էրդողանն ինքը գերմանական իրավապահ մարմիններին առանձին հայց է ներկայացրել Բյոմերմանի դեմ՝ պահանջելով նրան պատասխանատվության կանչել հասցրած վիրավորանքի համար: Գերմանիայի դատախազությունն արդեն սկսել է ստուգումներ կատարել, որոնց արդյունքները կներկայացվեն մի քանի օրվա ընթացքում:

Սկանդալային բանաստեղծությունը Բյոմերմանը ներկայացրել է մարտի 31-ին: Դրանից առաջ նա պարզաբանել է, որ Գերմանիայում երգիծական գործեր ստեղծելիս կա թույլատրելիության որոշակի սահման, և կարդացել է իր ստեղծագործությունը՝ որպես «օրինակ այն բանի, թե ինչպես դա չի կարելի անել ոչ մի դեպքում»:

Բանաստեղծությունը ուղղակի և խիստ մեղադրանքներ է պարունակել Էրդողանի հասցեին, ինչպես նաև՝ մերկապարանոց ակնարկներ, թե Թուրքիայի նախագահը հետաքրքրվում է մանկական պոռնոգրաֆիայով: Այդ ամենը ներկայացվել է Թուրքիայի դրոշի ֆոնին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում համաձայնել է, որ ոտանավորն անթույլատրելի և վիրավորական է եղել: Բյոմերմանն ինքը, որը համարվում է երկրի ամենահայտնի ու ամենասկանդալային զվարճաբաններից մեկը, սոցիալական ցանցերում գրել է, որ բավարարված է, քանի որ իր ոտանավորով կարողացել է ցուցադրել թույլատրելիության սահմանը՝ ինչպես և ցանկացել էր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը’