‘Թրամփը մուսուլմաններին կոչ է անում համագործակցել ոստիկանության հետ’

1542

ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մուսուլմաններին կոչ է արել համագործակցել ոստիկանության հետ և հայտնել ծայրահեղականների մասին:

Բրիտանական ITV հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ինքը հանդես է գալիս ոչ թե մուսուլմանների, այլ ահաբեկչության դեմ:

Սա, փաստորեն, պատասխանն էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը Թրամփին անվանել էր «բութ, երկպառակություն սերմանող և ոչ ադեկվատ»՝ այն բանից հետո, երբ միլիարդատեր թեկնածուն կոչ էր արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Թրամփն ինքը պնդում է, որ իր այդ գաղափարի դեմ հանդես են եկել միայն այլ քաղաքական գործիչներ, մինչդեռ շատ մարդիկ համաձայն են իր հետ: Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է վերաձևակերպել իր արտահայտությունը, Թրամփն ասել է. « Ես մարդկանց ստիպեցի մտածել: Լավ է դա ինձ համար, թե վատ՝ ինձ չի հետաքրքրում»: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը  արմատական իսլամական ահաբեկչության սպառնալիքի տակ է:

Այն հարցին, թե ինչ կարծիքի է բրիտանական վարչապետի՝ իր հասցեին ասված խոսքերի մասին՝ Թրամփը պատասխանել է, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա Դևիդ Քեմերոնի հետ «այնքան էլ լավ հարաբերություններ» չի ունենա:

Շատ ազդեցիկ հանրապետականներ հրապարակավ հրաժարվել են պաշտպանել Դոնալդ Թրամփին, սակայն այս պահի դրությամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի այլ թեկնածու չկա: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մինսկի խումբը` Վիեննայում կայացած հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զենք կմատակարարի Լիբիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’